‘Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ ներխուժած քաղաքացու գործով վարույթ է հարուցվել’

968

2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք։ Քաղաքացին չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին և իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիև նրա տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել քաղաքացու ուղղությամբ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ քաղաքացու ինքնությունը, ըստ այդմ՝ ԱԺ վարչական շենք է փորձել մուտք գործել Մասիս քաղաքի բնակիչ, 1988 թվականի ծնված Վրեժ Գալստյանը։ Նախնական տեղեկություններով, նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը և տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաև հանրությանը։

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վ.Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Գլխավոր դատախազություն 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի ցուցակը փորձի և երիտասարդության միաձուլում է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Մալիի ընդդիմադիրներին ահաբեկիչներ է հայտարարել’