‘Հարավային Կորեայում զբոսաշրջության ոստիկանություն են ստեղծել ‘

1144

Հարավային Կորեայում ստեղծվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանում՝ զբոսաշրջիկներին օգնելու նպատակով, հաղորդել է France-Presse գործակալությունը: Ստորաբաժանման կազմում  100 երիտասարդ աշխատակիցներ են ընդգրկվել, որոնք տիրապետում են օտար լեզուների՝ անգլերեն, ճապոներեն, չինարեն և այլն: Յուրաքանչյուր աշխատակցի համազգեստի վրա հատուկ պիտակ կա, որի վրա նշվում է, թե նա ինչ օտար լեզվի է տիրապետում: «Ովքեր մտածում են, թե իրեն խաբել են տաքսիստները կամ փողոցի առևտրականները, կարող են գալ և խոսել մեզ հետ, մենք նրանց կօգնենք լուծել իրենց խնդիրները»,- պատմել է նոր ստորաբաժանման աշխատակիցներից մեկը: Զբոսաշրջության ոստիկանները հատուկ մուգ-կապույտ համազգեստ են կրելու, որը մշակել է հանրահայտ ռեփ երգիչ PSY-ի «Gangnam Style» երգի տեսահոլովակի կոստյումների դիզայները: Ստորաբաժանման աշխատակիցները զենք չեն կրում և հրահանգ ունեն «սովորական» ոստիկանների կանչ տալ՝ անկանխատեսելի  անհրաժեշտության դեպքում: Նոր ստորաբաժանումը ներկայացվել է այսօր: Հարավային Կորեայի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահը նորակոչիկների առջև հանդիսավոր ճառ է արտասանել. «Զբոսաշրջության ոստիկանությունը չի ստեղծվել այն պատճառով, որ այս երկիրն անվտանգ չէ այցելուների համար: Դուք կոչված եք դառնալու անվտանգության խորհրդանիշը: Այս պահից սկսած՝ դուք ստիպված եք լինելու  անընդհատ լուսանկարվել զբոսաշրջիկների հետ»,- նշել է նա: Արարողության  ժամանակ կատարվել է PSY-ի հիթը, որի ներքո նորաթուխ  ոստիկանության աշխատակիցները կատարել են այդ պարը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սոբյանինն ասել է, որ Մոսկվայում միգրանտների որսը շարունակվելու է ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը, եթե պատժամիջոցները հանվեն’