‘Հարութ Ուլոյան. Փոխզիջման անխուսափելիության մասին արդեն խոսում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ’

2462

Արցախի խնդրի մասին զեկույցիս տխուր վերջաբանը.

«Վերջերս, Արցախի խնդրի հետ կապված, կրկին որոշակի ակտիվություն է նկատվում թե ներքին, թե արտաքին շրջանակներում: Փոխզիջման անխուսափելիության մասին արդեն խոսում են ոչ վաղ անցյալում իրենց «անզիջող» ներկայացնող ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վերջին տարիներին Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «Մենք համարում ենք, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները»: Ավելին, նույնիսկ խոսել է տարածքների վերադարձի մասին. «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը», — հայտարարել էր նա սիրիական “AL WATAN” թերթին, ավելացնելով, թե, իբր, բազմիցս է խոսել այդ մասին:

Բացի այդ, ՀՀ և ԼՂՀ իշխանությունները փորձում են վերականգնել մինչև 1998թ.-ը եղած եռակողմանի բանակցությունների ձևաչափը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի «Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության», իսկ ԼՂՀ նախահգահ Բակո Սահակյանը վերջերս Ռուսաստանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «Բաքուն խեղաթյուրել է բանակցային գործընթացի էությունը՝ փաստացի այն հասցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիների հանդիպումների մակարդակին:… Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացի լիիրավ անդամի կարգավիճակը»:

Տարօրինակը սակայն այն է, որ ներկայիս իշխանությունները եղել են ՀՀ-ԼՂՀ կառավարման գլխավոր դերակատարները 1998թ.-ից սկսած, և երբեք իրենց անհամաձայնությունը չեն արտահայտել ԼՂՀ-ն բանակցություններից դուրս մեղելու կամ այլ առիթներով: Ավելին, ինչպես երևում է Բակո Սահակյանի հայտարարությունից, մեղադրանքը ուղղվում է ոչ թե ՀՀ իշխանություններին, կամ Ռոբերտ Քոչարյանին, այլ Ադրբեջանին, չնայած նրան, որ, փաստացի, Ադրբեջանը ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ընդունել է դեռևս 1994թ.-ին, իսկ բանակցություններից դուրս է մղվել 1998թ.-ից հետո` Ռոբերտ Քոչարյանի կողմից:

ԼՂՀ նախագահի կողմից արված նման հայտարարությունը դեռևս 2007-2008թթ-ին կարևորել էր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես նշելով` «Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձևաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ … Իրավիճակը, թերևս այլ կլիներ, եթե ԼՂՀ ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանի իշխանություններին զրկում է իր անունից խոսելու իրավունքից», ավելացնելով` «Թեև արդեն դժվար է ասել, թե այդ ուշացած քայլը որքանով կնպաստի վիճակի շտկմանը»:

Վերջերս ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ հոդվածով է հանդես եկել ռուսական «Կոմերսանտ» թերթը, որտեղ որոշ մանրամասնություններ է ներկայացվել ներկայումս ընթացող գործընթացից: Ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի և թերևս ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով, գրել է ռուսական «Կոմերսանտ»-ը:

Նման տեղեկությունները ոչ միայն չեն հերքվել ՀՀ իշխանությունների կողմից, այլև իշխող ՀՀԿ պատգամավորի կողմից «չեն բացառվել» ԼՂՀ «որոշ շրջանները» Ադրբեջանին հանձնելու մասին արվող հայտարարությունները:

Եթե այս ամենին գումարենք նաև ներկայումս ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնած «Սահմանադրության փոփոխությունների» գործընթացը, որը բացի այլ նպատակներից, մի շարք մասնագետների գնահատականով, վերաբերվում է նաև Արցախի խնդրին, ապա կարելի է ենթադրել, որ տեսանելի ապագայում նախատեսված են լրջագույն գործնական քայլեր իրականացնել Արցախի խնդրի «կարգավորման» ուղղությամբ: Իսկ որ «կարգավորման» գործընթացը կրում է «հարկադրված» բնույթ, դրա մասին են ակնհայտորեն խոսում մեր ներկայիս իշխանությունների կողմից արվող հակասական, իսկ վերջին շրջանում` պարտվողական, հայտարարությունները:

Իսկ թե ի՞նչ է նշանակում «հարկադրված» հասկացությունը, դրա մասին դեռևս 1998թ.-ի «Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում» խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես նշելով. «Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»»։

 

Նախորդ հոդվածը‘Վատիկանը կոչ է արել «օգտակար պատասխան» տալ Փարիզի դեպքերին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի.Սերն ու համաձայնությունը կհաստատեն հանգստություն ամբողջ աշխարհում’