‘Հարսնաքարի գործ. Դատավարության սուբյեկտները իրենց տեղում չեն. Տեսանյութ’

1240

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատին դատավոր Դավիթ Հարությունյանը հարկ էր համարել ամբաստանյալների ցուցմունքների հիման վրա հարցաքննել նաև քրեական գործով տուժողներ ներգրավված անձանց, որպեսզի հնարավոր լիներ գնահատել լրացուցիչ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և դրանց արժանահավատությունը:

Այսօրվա դատական նիստին սակայն ներկա էր տուժողներից միայն մեկը՝ Էդգար Նիկոյանը, ով հաստատեց իր նախկինում տրված ցուցմունքները, հավելելով, որ ամբաստանյալներից ոչ մեկին դեմքով չէր տեսել ծեծի ժամանակ: Հիշեցնենք, որ Էդգար Նիկոյանը հարվածներ էր ստացել միայն այն պահին, երբ փորձում էր պաշտպանել տուժող Արկադի Աղաջանյանին:

Ամբողջ դատաքննության ընթացքում թե՛ ամբաստանյալների, թե՛ նրանց հարազատների և պաշտպանների կողմից դժվար չէր նկատելը դրսևորված ագրեսիան, որը մասնավորապես ուղղված էր տուժողի, և Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի նկատմամբ: Իսկ դատավորը իր հերթին բաց չէր թողնում փաստաբանի խոսքերից կառչելու և դրանք հետագայում նրա դեմ օգտագործելու առիթը:

Դատաքննության ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արման Խաչատրյանը, ով հայտնեց, որ տուժողի ցուցմունքները ոչ արժանահավատ են և տրվել են Վահե Ավետյանի ընտանիքի անդամների ճնշման ներքո: Հավելելով, որ նրանց կողմից նախապես գծվել է մի սցենար, ինչի համաձայն բոլորը պետք է մեղարվեն միևնույն հանցանքում, իսկ ֆոնը ստեղծում է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ինչևէ, փորձենք միասին վերհիշել օրերս տեղի ունեցած դեպքերը, երբ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը ցանկություն էին հայտնել ցուցմունք տալու և խոստովանելու իրենց մեղավորությունը՝ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Դրանք մանրամասն դիտարկելով պարզ է դառնում, թե որ կողմն է իրականում առաջ շարժվում նախապես գծված բեմադրությամբ:

Նախ՝ անհայտ պատճառներով մեկ տարի անց հիմնական մեղքը գցվեց այս երեք ամբաստանյալների վրա՝ փորձելով մյուսներին ազատել պատասխանատվությունից, այնուհետև բոլոր նրանց կողմից տրված ցուցմունքներից ելնելով՝ պարզ է դառնում, որ սցենարը ի կատար է ածվել  միասնաբար, ելնելով այն փաստից, որ հանկարծակի ճանապարհից շեղվելու դեպքում ամբաստանյալները խոսքում մի պահ դադար տալով, տալիս էին անհեթեթ պատասխաններ, որոնցում առկա էին մի շարք հակասություններ: Իհարկե, իրենց մեթոդները ուրիշի վրա բարդելն էլ տարբերակ է, սակայն զուրկ է որևէ տրամաբանությունից, քանի որ իրավական մինիմալ գիտելիքներ չի պահանջվում ողջ իրողությունը վերլուծելու և համապատասխան եզրակացություններ անելու համար:

Իհարկե, այս պարագայում ազատ և արդար դատական պրոցեսի մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է: Ինչպիսի՞ ազատ դատավարության մասին կարող է խոսք լինել, երբ դատավորը բացահայտ կերպով ցուցաբերում է կողմնապահ վերաբերմունք հօգուտ ամբաստանյալների, իսկ դատական դահլիճը փողոցային ժողով է հիշեցնում:

Դիտարկենք մի փաստ ևս. նախորդ դատին դժվար չէր նկատելը դատավորի հիասթափված դեմքը, երբ կողմերից ոչ մեկը միջնորդություն չներկայացրեց: Նա ստիպված էր ինքնուրույն դա անել, ինչը կարծես՝ Դավիթ Հարությունյանի սրտով չէր: Այնուհանդերձ, հարցաքննությունը ըստ օրենքի պարտավոր էր սկսել այն կողմը, ով տուժողների ցուցմունք տալու անհրաժեշտություն էր հայտնել, իսկ մեր պարագայում դատավորը գոնե ձևի համար մեկ հարց չուղղեց տուժող Նիկոյանին: Փաստաբան Տիգրան Եգորյանը այս մասին iLur.am-ին հայտնեց, որ ձևավորվել է մի անհասկանալի իրավիճակ, որում ամեն դատավարության սուբյեկտ իր տեղում չէ:

Այս և մի շարք այլ փաստերի վրա ուշադրություն դարձնելուց հետո ակնհայտ է դառնում, թե ում կողմից է իրականում գրվել սցենարը, և որ դրա անմիջական մասնակիցն է ՀՀ արդարադատական համակարգը:

Տիգրան Եգորյանը հավելեց, որ չնայած պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նախապես էր պետք կիրառել պատժի անհատականացան մեթոդը, սակայն որևէ ձևով դատարանում չէր բարձրաձայնում դա՝ պնդելով, որ ամբաստանյալները անմեղ են: Ավելին, նրանք փորձում էին ցույց տալ, թե զղջում են, սակայն դրսևորում էին ագրեսիվ և անհանդուրժողական վերաբերմունք:

Հ.Գ. Իսկ այս տեսանյությում պարզ երևում է (թեեւ չի լսվում), թե ինչպես է ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հայհոյում տուժողին:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Մաոյի ծննդյան օրը նշելու համար կծախսվի 2,5 միլիարդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘ Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի տարածքում անցել է 600 հազարից’