‘Հարսնաքարի գործ. Ինքնախոստովանությունը՝ ջրից չոր դուրս գալու միջոց’

1371

Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի գործով» հերթական դատավարությունը: Հիշեցնենք, որ  դատավոր Դավիթ Հարությունյանը հարկ էր համարել ամբաստանյալների ցուցմունքների հիման վրա հարցաքննել նաև քրեական գործով տուժողներ ներգրավված անձանց, որպեսզի հնարավոր լիներ գնահատել լրացուցիչ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և դրանց արժանահավատությունը:

Այսօրվա դատական նիստին հարցաքննվեցին տուժողներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը, որոնք պնդեցին դատաքննության ժամանակ տրված ցուցմունքները՝ առանց որևէ բան ավելացնելու: Տուժողները հայտարարեցին, որ իրենց կողմից հայհոյանքներ չեն հնչել, ինչպես նաև չեն եղել հարվածներ, հետևաբար բացառվում է փոխադարձ ծեծկռտուքի հնարավորությունը, որի մասին նշում էին ամբաստանյալները:

Դատական նիստին մեղադրյալները առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում տուժողների և տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ, մասնավորապես՝ Նորայր Հայրապետյանը իր հայտարարության մեջ Տ. Եգորյանին մեղադրեց թշնամություն սերմանելու և գծված սցենարով գործելու մեջ: Ագրեսիվ վերաբերմունք էին դրսևորում նաև փաստաբանները, որոնցից մեկը ցուցաբերած անարգանքի և վիրավորական վերաբերմունքի համար ենթարկվեց դատական սանկցիայի՝ նախազգուշացման:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալ Արման Բաղդասարյանը, ով նշեց, որ հաստատում է իր ընկերների խոսքերը՝ հավելելով, որ տուժողների ցուցմունքները վերացական են և հիմնված են ենթադրությունների վրա: Ի դեպ, նա այն նույն ամբաստանյալն է, ով նախորդ դատին հայհոյում էր տուժող Էդգար Նիկոյանին:

Չնայած մեղադրյալների ագրեսիվ պահվածքին, Արտակ Բայադյանը հիմնովին բացառեց այն պնդումը, որի համաձայն նրան ծեծել է միայն Գարիկ Մարգարյանը, ով այդ առիթով արտահայտեց իր վրդովմունքը: Այսպիսով, տուժողի ցուցմունքից ելնելով, ևս մի անգամ ապացուցվում է, որ մեղադրյալների խոստովանությունը ուղղակի ոմանց «կաշին» փրկելու և «ջրից չոր» դուրս գալու միջոց է:

Հ.Գ. Եթե ամբաստանյալները զղջում են այնքան, որքան որ ներկայացնում են, ապա ինչու՞ և՛ իրենք, և՛ իրենց հարազատները հարձակվելու և անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու առիթը բաց չեն թողնում:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Նորվեգիան հրաժարվել է ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը’
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանության մեղադրանք՝ աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրենին’