‘Ցեղասպանության մեղադրանք՝ աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրենին’

832

Ռումինիայի դատախազությունը վերսկսել է քրեական գործի քննությունն ընդդեմ աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրենի, որտեղ պահվել են կոմունիստների հակառակորդները: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, 85-ամյա Իոն Ֆիչորին ցեղասպանության մեղադրանք է ներկայացվել: Ռումինական իրավապահ մարմինների տվյալներով՝ Ֆիչորը մեղավոր է 103 քաղբանտարկյալների մահվան մեջ: Ըստ հետաքննության տվյալների՝ բանտի ղեկավարությունը ծեծի է ենթարկել նրանց, սովահարության մատնել, զրկել խմելու ջրից և բժշկական օգնությունից: Ճամբարի նախկին փոխտնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ, միայն հայտարարել է, որ իր ղեկավարելու ժամանակամիջոցում բանտում ընդամենը մի քանի հոգի է մահացել:

Ֆիչորը Ռիմնիկու-Սերատ աշխատանքային ճամբարի փոխտնօրենն ու միաժամանակ՝ տնօրենի պարտականությունները կատարողն է եղել 1958-1963 թթ.: Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին, այս նույն գործի շրջանակներում ցեղասպանության մեջ մեղադրվել էր այդ աշխատանքային ճամբարի պետը՝ 88-ամյա Ալեքսանդր Վիշինեսկուն: Նա  նույնպես չի ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ ընդամենը հրաման է կատարել:

Սա առաջին դատական գործն է ռումինական կոմունիստների դեմ՝ 1989 թ. երկրի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի մահապատժից ի վեր:

Ռիմնիկու-Սերատ քաղաքի բանտը գործել է 1947-1963 թթ.: Այնտեղ պահվում էին բարձրաստիճան կալանավորներ, ովքեր Ռումինիայում մեծ ազդեցություն ունեին մինչև կոմունիստների՝ իշխանության գալը: Նաև այդ բանտում էին հայտնվում ռումինացի այլախոհները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Ինքնախոստովանությունը՝ ջրից չոր դուրս գալու միջոց’
Հաջորդ հոդվածը‘Պրահայում Ստալինի հուշարձանի տեղում կախել են հսկայական ցուցապաստառ՝ Պուտինի պատկերով’