‘ՀՀԿ-ական. Մարտի 1-ը քաղաքական հարց է, բայց պետք չէ քաղաքականացնել’

1006

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում է Կոնգրեսի ներկայացրած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագիծը: Ու մինչ ՀՀԿ-ական պատգամավորները տարատեսակ հարցեր էին տալիս հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին, իսկ Մարգարիտ Եսայանն էլ՝ նույնիսկ առաջարկում է մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի մեկի զոհերի հիշատակը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը  iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկեն հանձնաժողովի ստեղծման նախագծին:

-Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբացության ներկայացուցիչները գրեթե միաձայն պնդում են, որ իրենք ցանկանում են, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն: Այսօր էլ լռության րոպեով հարգեցիք զոհերի հիշատակը: Արդյո՞ք դա նշանակում է, որ կողմ եք քվեարկելու նախագծին:

-Ես չէի ցանկանա դա որեւիցե մի բանի հետ կապել: Նախ, դա ընդունված կարգ է՝ այդ կերպ հարգել զոհերի հիշատակը, եւ մեր գործընկերուհի Մարգարիտ Եսայանը նշեց, որ` քանի որ մարտի 1-ը շաբաթ օր է՝ ոչ աշխատանքային, այսօր լռության րոպեով հարգենք զոհերի հիշատակը: Ճիշտ չի լինի սա մեր դիրքորոշման  հետ կապել:

Իսկ ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Մենք մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք: Ե՛վ մեկ տարի առաջ, երբ Մարտի 1-ի հարցով հանձնաժողովի նախագիծ բերվեց, ե՛ւ դրանից առաջ հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ մենք դեմ ենք նմանատիպ հարցերը որեւիցե մի առումով քաղաքական շահարկման կամ քաղաքական դիվիդենտներ հավաքելու, շահերին ծառայեցնելու համար օգտագործելուն: Մենք դեմ ենք, որ մարտի մեկի նախօրյակին փորձում են ակտիվանալ կամ ինչ-որ հարցեր լուծել: Մենք կողմ ենք, որ եթե կան նմանատիպ փաստեր, տեսակետներ, թող հայտնեն, մենք իրավական պետություն ենք եւ ունենք իրավապահ մարմիններ, թող փորձեն նման քայլերով օգնել, որպեսզի բացահայտվեն զոհերի, սպանությունների հանգամանքները եւ առհասարակ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Ես իմ անձնական տեսակետն եմ հայտնում, որովհետեւ դեռեւս հարցուպատասխան կլինի, մտքերի փոխանակում, որից հետո խմբակցությունները կհայտնեն իրենց դիրքորոշումները: Այն ժամանակ մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը:

Նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն անընդհատ շեշտում է, որ հանձնաժողովի ձեւավորման հարցը պետք չէ դիտարկել քաղաքական հարթությունում, այլ՝ զուտ իրավական, որպեսզի հանձնաժողովում ԱԺ իրավաբանպատգամավորները մասնագիտական վերլուծություն կատարեն եւ իրենց եզրակացությունը հայտնեն՝ դրանով իսկ օգնելով կամ հուշելով իրավապահ մարմիններին այն ճանապարհները, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել Մարտի 1-ի մեղավորներին: Իսկ դուք կրկին խոսում եք քաղաքական շահարկման մասին:

-Պարոն Ջհանգիրյանը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, նաեւ՝ որպես նախկին զինդատախազ, ունի որոշակի ազնիվ մղումներ եւ մտադրություններ, բայց այն քաղաքական ուժը, որում ընդգրկված է ինքը եւ ոչ հանրապետական ուժերը ներկայացնող քաղաքական ուժերը, եթե տեսնեք, թե ինչ հարցադրումներ են բարձրացնում, կհասկանաք, որ առաջինը հարցն իրենք են քաղաքականացնում: Այնպես որ, չեմ կարծում, որ ճիշտ է ասելը, որ քաղաքականացնելու փորձ չի արվում:

Ի վերջո, եթե հանձնաժողովը քննում է մարդկանց մահվան համար պետական մարմինների, պաշտոնյաների պատասխանատվության հարցը, այդ պաշտոնյաների թվում քաղաքական գործիչներ եւս կան: Հնարավո՞ր է այդ ամենը զատել քաղաքականությունից:

-Իհարկե` հնարավոր չէ, որովհետեւ թե՛ մինչեւ Մարտի 1-ն ընթացող հանրահավաքներն էին քաղաքական, ե՛ւ  այն գործիչները, ովքեր վերջերս էլ պրովոկացիոն հայտարարություններով էին հանդես գալիս….

Կամ այն մարդիկ, ովքեր Մարտի 1-ին որոշակի հրամանագրեր ստորագրեցին

-Այո, կամ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ,  հրամանագրեր են ստորագրել՝ պատասխանատվություն կրելով պետության, ժողովրդի առջեւ, նրանց չես կարող տարանջատել քաղաքականությունից, չես կարող ասել՝ դա քաղաքականության հետ կապ չունի եւ զուտ իրավական գործընթաց է:

Եվ որովհետեւ այս ամենը հնարավոր չէ զատել քաղաքականությունից, ապա պետք է սպանություններն անպատի՞ժ թողնել:

-Դա սխալ մեկնաբանություն է: Մենք ասում ենք, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները բարոյական չէ ծառայեցնել քաղաքական շահերին: Մենք ասում ենք, որ եթե կան խնդիրներ, եւ եթե չեն գոհացնում նախորդ հանձնաժողովի եւ Փաստահավաք խմբի գործունեության արդյունքները, ապա` եթե ունեք ուրիշ կոնկրետ փաստեր, ներկայացրեք այդ փաստերը, ապացույցներն իրավապահ մարմիններին, թող ընթացք տան:

-2011-ի մարտին Սերժ Սարգսյանը հրահանգ տվեց՝ նոր թափով քննել մարտի 1-ի դեպքերը, բայց, փաստորեն, ոչինչ տեղի չունեցավ:

-Այո, այդ ժամանակ էլ նոր ակտիվությամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների քննություն տեղի ունեցավ, նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) հանձնարարեց նոր ակտիվություն հաղորդել գործընթացին: Իմ ասածը հետեւյալն է՝ Մարտի 1-ը պետք չէ շահարկել:

 

 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիների բողոքի ցույցին միացան Արծվիկ Մինասյանը և Լևոն Զուրաբյանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տրանսպորտի նախարարությունը ՄՄ-ին անդամակցելու խոչընդոտ չի հայտնաբերել’