‘ՀՀԿ-ական պատգամավոր. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում. հենց այս գլխից ասենք՝ ինչ ասեք՝ ընդունո՞ւմ ենք’

183473

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը

-Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե քանի որ ընդդիմությունն առաջարկում է քննարկել 12 պահանջներից 10-րդը, որ ենթադրում է փոփոխություններ Ընտրական օրենսգրքում եւ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգին, իրենք համաձայն են նաեւ այդ տարբերակին: Ի՞նչ էին նշանակում այս հայտարարությունները:

— Մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության: Եթե Եռյակն ուզում է այդ կետերից սկզբում իրեն ամենաշատ հուզող հարցերին անդրադառնալ, ապա պարոն վարչապետը հենց դա էլ  նկատի է ունեցել: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն, մեր քաղաքական թիմը կառուցողական է տրամադրված ու պատրաստ է ընդդիմության հետ աշխատելու: Ես չեմ զրուցել վարչապետի հետ, տեղյակ չեմ՝ ինչ առումով է արվել հայտարարությունը: Բայց կարելի է ենթադրել, որ քաղաքական առումով ՀՀԿ-ն պատրաստ է կառուցողական, կոնստրուկտիվ աշխատանքի: Եթե Եռյակին, որպես քաղաքական կապրիզ, հարկավոր է սկսենք ոչ թե սկզբից, այլ՝ 100 տոկոս համամասնականից, ուրեմն մենք դրան էլ ենք պատրաստ: Եթե կապրիզներով է, թող այդպես լինի, ի՞նչ ասեմ:

— Քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ԸՕ-ում փոփոխություններին ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելուն, հստակեցնենք՝ դուք պատրաստ եք միայն քննարկումների՞, թե՞ կոնկրետ այդ կետը կատարելուն: Այսինքն՝ ձեր հանձնաժողովում ներկայացվելո՞ւ է համապատասխան նախագիծ:

— Ես կարծում եմ՝ մենք չենք կարող ենթադրել, թե քննարկման ժամանակ քննարկման համար ինչ խնդիրներ են դրվելու սեղանին: Հետեւաբար, մենք արդյունքի մասին այս պահին խոսել չենք կարող, դա կլինի անհեթեթ հայտարարություն: Եթե քննարկման արդյունքում երկու կողմերը կգան փոխադարձ ընդունելի եզրահանգման, մենք պատրաստ ենք դրական հանգուցալուծման, եթե պատրաստ չեն, ապա պատրաստ չենք: Դա պարզ, մարդկային տրամաբանություն է:

— Ստացվում է, որ առաջարկում եք նստել ու քննարկել: Այդ դեպքում, եթե իշխանությունը չհամաձայնի, որ պետք է գնալ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արդյո՞ք չի ստացվի՝ անիմաստ ժամանակ եք ծախսում:

— Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում քննարկումները: Հենց այս գլխից ասենք՝ ինչ ասեք՝ ընդունում ենք, ձեր ասածն է, ու վե՞րջ:

— Եռյակն ասում է, որ քննարկելու կարիք չկա, այլ պետք է կատարել ներկայացված պահանջը, ավելին՝ Եռյակը պատրաստվում է արտահերթ քննարկման դնել ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը:

— Եկեք փաստերի շուրջ խոսենք: Ընդդիմությունն այդ հարցը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով փորձում է քննարկման առարկա դարձնել: Նմանատիպ նախաձեռնություն էլ հիմա գտնվում է ԱԺ քառօրյայի օրակարգում, եւ այս քառօրյայի սկզբում քննարկելու ենք այդ հարցը: Հետեւաբար՝ եկեք խոսենք փաստերով, փաստերի մասին: Սերժ Սարգսյանն առաջարկել է կառավարությանը նորից վերանայել 12 կետերը, ընդդիմությունն ասում է՝ առաջինը նայենք 10-րդ կետը: Հիմա վարչապետն ընդունել է այդ առաջարկն ու ասում է՝ պատրաստ եմ, եկեք նայենք: Այստեղ որեւէ խնդիր չկա, մենք պատրաստ ենք քննարկումների, կոնստրուկտիվ աշխատանքի՝ ի տարբերություն այն քաղաքական ուժերի, որոնք ընդամենը փորձում են քաղաքականության մեջ ինչ-որ ֆոն ստեղծել:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Ս.Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’