‘ՀՀԿ–ի ավագանու ցուցակը՝ Թոխմախի Մհերի որդու ու փեսայի, նույնիսկ Գեղամյանի օգնականի հանգրվան’

2766

2013թ. մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ ներկայացրած ՀՀԿ–ի համամասնական ցուցակը բավականին ուշագրավ է։ Այնտեղ են ընդգրկվել ինչպես մի շարք նախարարքությունների, վարչական շրջանների, համատիրությունների, միությունների, ՓԲԸ–ների և ՍՊԸ–ների ղեկավարներ ու աշխատակիցներ, այնպես էլ պաշտոնյաների որդիներ և անգամ պատգամավորների օգնականներ։

Այսպես օրինակ, ՀՀԿ–ի ավագանու համամասնական ցուցակում է Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ, այժմ ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի(Թոխմամխի Մհեր) որդին՝  Դավիթ Սեդրակյանը։ Նշված է, որ նա ոչ մի տեղ չի աշխատում։

Ի դեպ, ընտրություններին մասնակցելու համար 2012թ. մարտ ամսին Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի  և  ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) հետ միասին մերժել էր վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք տրամադրել Դավիթ Սեդրակյանին ևս։

ՀՀԿ ցուցակում է նաև նույն Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին՝ Արման Մադաթյանը։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարարության  «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնի պետն է և Մհեր Սեդրակյանի (Թոխմամխի Մհեր) փեսան։

ՀՀԿ–ի ավագանու համամասնական ցուցակում է նաև ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) որդին՝ Արամ Աղաբաբյանը։ Նա «Հրազդան կենտրոնական մարզադահլիճ» ՓԲԸ-ի 1-ին փոխտնօրենն է։

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանի որդին՝ Արմանը, նույնպես ՀՀԿ–ի ցուցակում է հանգրվանել։

Աման Բաբլոյանը «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրենն է, «ՀՀ Ռադիոսպորտի Ֆեդերացիա» ՀԿ նախագահը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ խորհրդի անդամ։

ՀՀԿ–ի ցուցակում տեղ են գտել նաև որոշ պատգամավորների օգնակականներ։

Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնական, ԵՊՀ դասախոս Մեսրոպ Մանուկյանը, և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնական Սոնյա Գասպարյանը՝ «Ազգային միաբունություն» կուսակցության նախագահության անդամ։

Անմասն չեն մնացել նաև ՀՀԿ–ական պատգամավորներին պատկանող ձեռնարկությունների տնօրենները։

ՀՀԿ ցուցակով ավագանի դառնալու հայտ են ներկայացրել, օրինակ, գործարար, ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը, նույն սուպերմարկետների ցանցի անվտանգության ծառայության պատասխանատու Արշակ Ամիրյանը։

Ինչպես նաև՝ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ–ի Արտակ) «ՍԱՍ» Գրուպ սուպերմարկետի տնօրեն Փիրուզա Մանուկյանը։

Ի դեպ, ՀՀԿ–ի ավագանու համամասնական ցուցակում են նաև Հրանտ Թոխատյանը՝ «Շարմ» հոլդինգի տնօրեն, և Հայկ Դեմոյանը՝  «ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն։

7or.am

Նախորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Գործի են անցել թաղային հեղինակությունները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը պատրաստվում է չեխերի հետ հանդիպմանը’