‘ՀՀԿ-ն չկարողացավ միայնակ Հաշվիչ հանձնաժողով ձեւավորել’

1032

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը:  Այս մասին գարնանային նստաշրջանի մեկնարկին հերթով հայտարարեցին ոչ իշխանական բոլոր խմբակցությունների  ներկայացուցիչները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգում նախկինում արված կամայական փոփոխության համաձայն՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի այդ հանձնաժողովում, իսկ մյուս քաղաքական ուժերին վերապահված է միայն «մասսովկայի» դեր կատարել այդտեղ, հետևաբար՝ ԲՀԿ-ն հրաժարվում է իր ներկայությունն ունենալ դրանում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ Դաշնակցությունը ևս չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

«Եթե քաղաքական ուժերի  հավասար ներկայացվածություն  տեղի չի ունենում, ապա իմաստ չունի», — ասաց նա:

Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ հերթական անգամ ՀՀԿ-ն, օգտագործելով իր բացարձակ մեծամասնությունը, ընդդիմությանը զրկում է օրենքով իրեն վերապահված իրավունքներից:

Այդուհանդերձ, ՀՀԿ-ին չհաջողվեց հաշվիչ հանձնաժողով ձևավորել իր պատկերացրած տարբերակով. անհրաժեշտ 66 ձայնից միայն 61 պատգամավոր կողմ քվեարկեց որոշման  նախագծին, և որոշումը չընդունվեց:

 «Ստացվեց սենց. կամ վաղը նորից այս հարցով հանդես կգանք, կամ մենակ ես կհաշվեմ»,- քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ օմբուդսմենը Ղարաբաղի իր պաշտոնակցին խնդրել է ուսումնասիրել Բերձորի միջադեպի հանգամանքները’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը օտարերկրացուն ապօրինի զրկել է ազատությունից’