‘ՀՀԿ-ն տապալեց բռնարարքները դատապարտող օրակարգով արտահերթ նիստը’

1238

Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները դատապարտելու հայտարարության նախագծի քննարկման համար հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

Նիստի մեկնարկին գրանցվել էր 45 պատգամավոր՝ ԱԺ ոչ իշխանական հինգ խմբակցություններից: ՀՀԿ բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ խոսնակի եւ փոխխոսնակների՝ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի, չէին ներկայացել նիստին:

ԱԺ կանոնակարգի համաձայն, արտահերթ նիստում քվորում չլինելու դեպքում այն հետաձգվում է 3 ժամով: Ըստ էության, նիստը տապալվել է:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՕԵԿ-ը, ներկայացրել են վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ բռնարարքները դատապարտող հայտարարության նախագիծ, որով, մասնավորապես, պահանջ է ներկայացվում իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց  ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության  ենթարկելու համար, ինչպես նաեւ՝ բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։

Ավելի վաղ այսօր ՀՀԿ պատգամավորները հայտարարում էին, որ դատապարտում են բռնությունների դեպքերը եւ Երանոսյանի «կոշտ արտահայտությունները»: ՀՀԿ խմբակցությունը  մշակել էր հայտարարության սեփական նախագիծը, որում բացակայում էր Լեւոն Երանոսյանին պատասխանատվության ենթարկելու դրույթը:  

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սիդնեյի սրճարանից հաջողվել է փախչել վեցերորդ պատանդին ‘
Հաջորդ հոդվածը‘Amnesty-ն և HRW-ն հանդես են եկել ի պաշտպանություն Չեչնիայի իրավապաշտպանների’