‘Amnesty-ն և HRW-ն հանդես են եկել ի պաշտպանություն Չեչնիայի իրավապաշտպանների’

833

Amnesty Inernational  և Human Rights Watsh միջազգային կազմակերպությունները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել Չեչնիայում իրավապաշտպանների հետապնդումներն ու ահաբեկումը:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Գրոզնիում հրկիզվել է «Կոմիտե ընդդեմ խոշտանգումների» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը: Կազմակերպության անդամների խոսքով՝ շաբաթ օրը, մինչ գրասենյակի հրկիզումը, դիմակավորված անհայտ  անձինք ավտոմեքենայով հետապնդել են իրենց և զենքով սպառնացել: «Այս գործողությունները Չեչնիայում խոսքի ազատությունը ճնշելու շարունակությունն են: Ռամզան Կադիրովը, ըստ երևույթին, իր սեփական արշավն է սկսել իրավապաշտպան կազմակերպության և նրա առաջնորդի՝ Իգոր Կալյապինի դեմ»,- հայտարարել է Amnesty International-ի հետազոտությունների ղեկավար Աննա Նեյստատը:

Դեկտեմբերի 4-ի իրադարձություններից հետո, երբ զինված մարդկանց մի խումբ Չեչնիայի մայրաքաղաքի կենտրոնում մարտերի էր բռնվել ուժային կառույցների աշխատակիցների հետ, Կադիրովը հայտարարել էր, թե անցել են այն ժամանակները, երբ ծնողները պատասխանատու չեն զավակների արարքների համար: Դրանից հետո Գրոզնիում այրվեցին մի քանի տներ, որոնք պատկանում էին, ենթադրաբար, հարձակում գործողների հարազատներին: Իրավապաշտպան Իգոր Կալյապինը դիմեց գլխավոր դատախազություն՝ խնդրելով միջոցներ ձեռք առնել Կադիրովի դեմ՝ պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար:

Ի պատասխան՝ Կադիրովը համացանցում գրեց. «Ոմն Կալյապին հանդես է եկել ի պաշտպանություն բանդիտների և նրանց հարազատների: Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ ես եմ զբաղվում»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն տապալեց բռնարարքները դատապարտող օրակարգով արտահերթ նիստը’
Հաջորդ հոդվածը‘Երանոսյանն ազատամարտիկներին ասել է՝ կամ պետք է գնաք, կամ՝ չեք ապրի’