‘ՀՀԿ ջահելների մայրամուտը. «լավ տղուց»՝ Սաքուլիկ ու Հայկուլիկ ‘

7413

Հերթական անգամ «հերոսացած» ՀՀԿ ջահելները ցայտնոտի մեջ են հայտնվել. սոցիալական ցանցերում՝ երեկ ուշ երեկոյան սկսել են հերթական «գրոհը»: Մեկ անձնական նամակագրությամբ այս կամ այն օգտատիրոջը խնդրում են հեռացնել երեկվա դեպքերի «հերոսների» լուսանկարները, մեկ՝ սպառնալիքներով լի ստատուսներ են գրում այն կայքերի մասին, որոնք լուսաբանել են իրենց «հերոսությունները», մեկ` իրենց «երիտառաջնորդի» բերանով հայտարարում են` այո, էդ մենք էինք ու էլի կանենք, եթե պետք լինի: Իսկ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են «հերոսները» խառնվել իրար:

Բացատրությունը շատ պարզ է:

Բանն այն է, որ երկար տարիներ իշխանությունը վարել է ԲՈՒՀ-երն իշխանությունների «պաշտպանների ու հլու հնազանդների» դարբնոց դարձնելու, երիտկարիերիստներ բուծելու, «ուսանողները պետք է իշխանությունների կողքին լինեն» քարոզչությունը ակտիվորեն տարածելու, ուսխորհուրդները բացառապես ՀՀԿ-ականացնելու քաղաքականություն: Մեսիջը, որ այդ քայլերով հղվում էր ուսանողներին` շատ պարզ էր. եթե ցանկանում ես կարիերա անել՝ պետք է լինես իշխանության կողքին, եթե բարեկեցիկ կյանք ես ուզում՝ պետք է լինես իշխանության կողքին, եւ ի վերջո` եթե ձգտում ես «լավ տղա» լինել, պետք է լինես իշխանության կողքին: Ու ոչինչ, որ այդ իշխանության կողքին լինելը նշանակում էր ընդամենը Կարեն Ավագյանի հետ փուչիկներ բռնել, Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ ֆոն ծառայել, կրծքով պաշտպանել իշխանություններին՝ նրանց «չոռ» ասողներից, «մասսովկա» ծառայել տարոնմարգարյանների նախընտրական հանդիպումների ժամանակ, եւ այդ ամենի դիմաց՝ հաջողացնել լուսանկարվել այս կամ այն չինովնիկի հետ եւ այդ լուսանկարները ցուցադրել սոցիալական ցանցերում: Կարեւորը նրանց համար այն էր, որ ուսանողների շրջանում «վախ սփռեն». «Կամ հեռու ես մնում քաղաքական գործընթացներից», կամ՝ «իշխանության հետ ես լինում»: Նրանք, ովքեր իշխանության հետ են` «լավ տղերք» են, նրանց թուրը ԲՈՒՀ-երի ներսում աջուձախ կտրում է, նրանք են մասնակցում բոլոր կարեւոր իրադարձություններին, «յուղոտ» սեմինարներին ու գործուղումներին, հաջողացնում են` բանակի երես չտեսնելով, դառնալ հայրենասեր, կարիերա անել, լավ հագնվել ու ապրել բարեկեցիկ: Մի խոսքով՝ չաղ ու բախտավոր լինել եւ խնդիրներ չունենալ: 

Մինչեւ վերջերս, ԲՈՒՀ-երի ներսում այս քարոզչությունը որոշ չափով աշխատում էր: Բայց ինչ-որ պահից սկսած, այս քարոզչության անիվներն սկսեցին լավ չաշխատել: Ամեն ինչ սկսվեց «ախալքալակցիների» զորքից, հետո՝ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ աչքի ընկած սաքուլիկներից, ապա՝ իր կուլմինացիային հասավ երեկ՝ հայկուլիկների «հերոսություններով»:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ մի շատ պարզ բան: Երեկվա սաքուլիկները՝ հայկուլիկները, գոհ իրենց «հերոսություններից»` հասան տուն, մտան համացանց, բացեցին կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը եւ տեսան, որ վախ սփռելու իրենց «տքնաջան աշխատանքը» ջուրն է ընկել: Նրանք ոչ թե վախ սփռողի դերում են, այլ՝ ծաղրի առարկա են դարձել, մարդիկ հումորներ են անում նրանց քաջագործությունների վրա, եւ հետեւաբար` «լավ տղու» իրենց միֆը կոտրվել է, հասարակության ծաղրը մթագնել է նրանց կարգավիճակը:

Հիմա պատկերացրեք սաքուլիկների ու հայկուլիկների ապրումները. նրանք շատ լավ հասկանում են, որ համազգային ծաղրի ականատեսների մեջ են նաեւ իրենց ԲՈՒՀ-երի ուսանողները: Այն ուսանողները, ում առաջ իրենք մինչեւ վերջերս «լավ տղա» են ձեւացել` տեսել են նրանց հրապարակային փչացումը, ու հիմա ինչպե՞ս են իրենք նայելու այդ ուսանողների աչքերին: Ավելին, եթե անգամ ուսանողները նրանց չասեն էլ, որ այդ համազգային ծաղրի ականատեսն են եղել, նրանց աչքերում հո այդ փաստը տեսնելո՞ւ են: Նրանք շատ լավ գիտակցում են, որ ուսանողների մոտ իրենք արդեն «լավ տղաներից» վերածվել են սաքուլիկների ու հայկուլիկների, որոնք օրը ցերեկով սովորական խուլիգանություն են անում, իսկ եթե «լավ տղու» միֆը կոտրվում է ուսանողների մոտ, ստացվում է, որ էդ «լավ տղաներին» տիրություն անող ՀՀԿ-ն էլ է կոտրվել ուսանողների համար, ՀՀԿ-ի ղեկավարներն էլ են «կոտրվել»: 

Ահա թե ինչից են վախեցել հայկուլիկենք ու սաքուլիկենք, եւ ահա թե ինչու են առավոտյան կատաղի «գրոհ» սկսել սոցցանցերում: Բայց գնացքն, ինչպես ասում են, արդեն գնացել է, եւ որքան էլ որ ՀՀԿ ջահելները փորձեն «գրոհել», ուսանողների աչքերում նրանք արդեն սովորական սաքուլիկներ ու հայկուլիկներ են: Իսկ թե ինչ են անում «գծերից ընկած ու փչացած» նախկին «լավ տղաների» հետ, հայկուլիկները բոլորից լավ գիտեն, դրա համար էլ սարսափում են:

 

Նախորդ հոդվածը‘Նազարբաևը չի բացառել, որ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել 5-րդ անգամ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նոր ռեկորդ է գրանցել. ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը’