‘ՀՀ ԱԺ ամբիոնից մոլդովացի փաստաբանը Հայաստանն անվանել է «ագրեսոր երկիր»’

1254

ՀՀ Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ադրբեջանական հերթական պատվերը ձախողվեց: «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցին: «Ակնհայտ է, որ դա ադրբեջանական կողմի հերթական պատվերն էր, այդպիսի բովանդակությամբ շատ տեքստերի ենք ծանոթ, արդեն անգիր գիտենք»,-նշել է Դավիթ Հարությունյանը: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ պնդում էր, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, և Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը»։ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը Հայաստանն անվանել է «ագրեսոր երկիր»։ 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր արտահերթ ելույթում կոչ է արել չօգտագործել համաեվրոպական խորհրդաժողովը և Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը՝ ստահոդ տեղեկություններ տարածելու համար: Գրիգորիուն փորձել է արդարանալ` ասելով, թե իր ելույթով ցանկացել է նշել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։

Լիտվայի օմբուդսմենն իր հերթին առաջարկել է Մոլդովայի ներկայացուցչին խոսել «Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, և ոչ թե անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության պատմությանը»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը Ազգային ժողովում անցկացվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Ուկրաինա կատարելիք այցը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը’