‘ՀՀ արդարադատության նախարարը չի կարողացել պատասխանել Տ.Ուրիխանյանի հարցին (տեսանյութ)’

1360

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարց և պատասխանի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի կարողացել պատասխանել մայրաքաղաքային ավտոկայանատեղիների մասնավոր կառավարման նպատակահարմարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Ուրիխանյանը, մասնավորապես, հարցրել է, թե ինչու մայրաքաղաքային ավտոկայանատեղիների շահագործման իրավունքը, որոնք, նախնական հաշվարկներով, աշխատելու են 70% շահույթով, հանձնվել է մասնավոր ընկերության, այլ չի իրականացվում պետության կողմից, ինչը թույլ կտար լրացուցիչ միջոցներով համալրել բյուջեն: Թովմասյանը նշել է, որ ի վիճակի չէ պատասխանել հարցերին, քանի որ գործարքի նրբություններին չի տիրապետում, և այդ արտոնությունը վերապահված է քաղաքապետարանին:

Ուրիխանյանը նաև նշել է, որ շահագործման իրավունքը մասնավորի ձեռքը հանձնելուց հետո անհետացել են ավելի վաղ այս կամ այն վայրերում կայանումն արգելող նշանները, և հիմա այդ հատվածները հատկացվել են ավտոկայանատեղիների համար և հանձնվել Parking City Service ընկերության տնօրինությանը: Նրա խոսքով, չնայած դրան`առանձին անձինք դեռևս լրացուցիչ գումար են գանձում Երևանի տարբեր հատվածներում մեքենաների կայանման համար:

Նախորդ հոդվածը‘ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակությունից’