‘ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններ Երևանում’

1145

Մարտի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հանդիպման ընթացքում զգալի առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին, քաղաքական երկխոսությանը, արտաքին եւ անվտանգության քաղաքականությանն առնչվող ոլորտների շուրջ: Արձանագրվեց, որ համաձայնեցվել են ոլորտային համագործակցության, ինչպես նաեւ արդարադատության, ազատության եւ անվանգության վերաբերյալ բոլոր գլուխներր: 

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երեւանում:

Կողմերը վերահաստատեցին իրենց մտադրությունը մինչեւ 2013 թ. Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտել Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘«Ֆեյք» նախագահը, աթոռից ընկնելու ասուլիսը և գաղջ մթնոլորտը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց Ավագանու ընտրություններին գրանցման փաստաթղթերը’