‘ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարները Ադրբեջանի գործողությունները սադրիչ եւ անպատասխանատու են անվանել’

876

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։ 

Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։

Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում և այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։ 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի կիրակնօրյա ցնցումները. Լուսանկարներ, տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ Միյատովիչ.Դինքի սպանության կազմակերպիչները պետք է դատարանի առջև կանգնեն’