‘Ուկրաինայի կիրակնօրյա ցնցումները. Լուսանկարներ, տեսանյութ’

1428

Նախորդ գիշեր Կիեւում չէին դադարում բախումները հակակառավարական ցույցի մասնակիցների եւ միլիցիայի միջեւ: Ցուցարարները փորձում էին ներթափանցել Կառավարության ու խորհրդարանի շենք: Նրանք այրել են ներքին զորքերի եւ հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատին տեղափոխող մի քանի ավտոմեքենաներ: Ոստիկանության տվյալներով, երկու կողմերից հարյուրից ավելի մարդ է տուժել: Շուրջ 70 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: 

Նախագահ Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմության հետ բանակցությունների գնալ:

«Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հանդիպել է Յանուկովիչի հետ, որը խոստացել է, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները քննող հատուկ հանձնաժողով կստեղծի:  
Կլիչկոն ընդգծել է, որ երկրում տիրող իրավիճակը մոտ է քաղաքացիական պատերազմի:

Գիշերվա ընթացքում ցուցարարները «մոլոտովի կոկտեյլներով»ու մահակներով հարձակվում էին միլիցիայի վրա: Իրավապահները ցուցարարների դեմ գազային եւ լուսածիր նռնակներ էին օգտագործում, այնուհետեւ` ջրցան մեքենաներով փորձում էին հետ մղել նրանց` չնայած 9 աստիճան ցրտին:  ՆԳՆ-ն հայտնում է 10 առավել ակտիվ ցուցարարներին ձերբակալելու մասին:

ԱՄՆ-ում քննարկում են Կիեւի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում անհանգստացած են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և հակամարտության բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ իրավիճակն ավելի սրելուց: «Մենք խորապես անհանգստացած ենք այսօր Կիևի փողոցներում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում անհապաղ լիցքաթափել իրադրությունը»,- ասված է Ազգային անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենի հայտարարությունում: Ընդ որում՝ նա նշել է, որ «Ուկրաինայում աճող լարվածությունն ուղիղ հետևանքն է այն բանի, որ կառավարությունն ընդունակ չէ ճանաչելու իր ժողովրդի օրինական պահանջները»: «Դրա փոխարեն՝ կառավարությունը թուլացնում է Ուկրաինայում ժողովրդավարության հիմքերը՝ խաղաղ ցույցերը դիտարկելով որպես քրեական հանցագործություն և քաղաքացիական հասարակությունից  և իր քաղաքական ընդդիմախոսներից խլելով նրանց հիմնարար իրավունքները»,- նշել է Հեյդենը:

ԱՄՆ անվտանգության խորհրդում նաև կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին չեղյալ հայտարարել վերջերս ընդունված «հակադեմոկրատական օրենքները», սպեցնազը դուրս բերել մայրաքաղաքի կենտրոնից և երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության հետ: «ԱՄՆ-ը նաև լրացուցիչ միջոցներ կդիտարկի, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում»,- Interfax-ի փոխանցմամբ, ընդգծել է Հեյդենը:

 «Սադրիչներ ու ծայրահեղականներ»

Կիեւում զանգվածային բողոքի ցույցերը վերսկսվեցին նախորդ կիրակի այն բանից հետո, երբ հինգշաբթի Ռադայի մեծամասնությունը ընդունեց զանգվածային միջոցառումների անցկացումը սահմանափակող օրենքների փաթեթը:  Ուկրաինական ընդդիմությունը գտնում է, որ ցույցերի ազատությունը սահմանափակող օրենքները կրկնօրինակում են ռուսաստանյան նմանօրինակ օրենքները եւ հակասում են Ուկրաինայի սահմանադրությունը:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բուռլակովը բախումների մեջ մեղադրել է «սադրիչներին եւ ծայրահեղականներին» եւ կոչ է արել ուկրաինացիներին չենթարկվել նրանց կամքին: Նա զգուշացրել է, որ միլիցիան տեսանկարահանել է ողջ տեղի ունեցածը եւ տեսանյութերը օգտագործվելու են զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործի քննության ժամանակ:

Բախումներին զուգահեռ՝ Կիեւում շարունակվում է «Եվրամայդանում» ընթացող բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմության առաջնորդները կոչ են անում չտրվել սադրանքների եւ խուսափել բռնությունից:

Վիտալի Կլիչկոն հանրահավաքի ժամանակ զգուշացրել է նախագահ Յանուկովիչին, որ նրան սպառնում է Մուամար Քադաֆիի եւ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրը: Ուկրաինական լրատվամիջոցները, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում են նաեւ, որ «Եվրամայդանի» մասնակիցները նախորդ գիշեր արգելափակել են արեւմտաուկրաինական Լվով եւ Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներից ներքին զորքերի դուրսբերումը: Զորքերին հրամայված էր Կիեւ ժամանել:    

Եվրոպական երկրները մտահոգություն են արտահայտել Ուկրաինայում նախորդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ կոչ են անում խուսափել բռնությունից: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Էտո՛ օն շարունակում է մնալ ՄՅՈՒ-ի դահիճը. Մադրիդը մոտենում է առաջատարներին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարները Ադրբեջանի գործողությունները սադրիչ եւ անպատասխանատու են անվանել’