‘ՀՀ-ն չի կատարել ՄԱԿ-ի ՄԻ կոմիտեի 3 առաջնահերթ հանձնարարական, այդ թվում՝ Մարտի 1-ի հարցով ‘

1248

Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի 3 առաջնահերթ հանձնարարական: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Վինսենտ Պլոտոնը:

Նրա խոսքով, Հայաստանը չի կատարել մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության մասով հանձնարարականները, մասնավորապես` իրավապահների կողմից բռնության կիրառման և նրանց անպատժելիության վերաբերյալ կետերը:

Երկրի երկրորդ բացթողումը խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմի բացակայությունն է: Երրորդ չկատարված հանձնարարականն անկախ դատական համակարգի բացակայությունն է: Պլոտոնը կոչ է արել կառավարությանը`լուրջ քայլեր ձեռնարկել հանձնարարականների իրականացման ուղղությամբ: «Human Right House»-ի ներկայացուցիչ Աննա Ինոչենտին հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նաև երկրում կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք ընդունել: Նա նշել է, որ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականի համաձայն, Հայաստանում պետք է ընդունվի օրենք, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ընտանեկան բռնության դեպքերի համար: Ինոչենտին նշել է, որ Հայաստանը, համաձայն իր պարտավորությունների, պետք է «խտրականություն» սահմանման մեջ ներառի դրա բոլոր տեսակները`ռասսայական, սեռային, ազգային, կրոնական և այլն:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս գերեվարված Բաղդասարյանի վերադարձը հայրենիք, որպեսզի ստի մեջ չբռնվի ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիական եւ իրաքյան իսլամիստների շարքերում հաշվառել են 20 հազար օտարերկրացի’