‘ՀՀ և ԼՂՀ խորհրդականները քննարկեցին կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումները’

1142

Նոյեմբերի 10-ին Շուշիում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստը՝  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում։

Նիստին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Սլավա Ասրյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, երկու հայկական խորհրդարանների պատգամավորներ, Արցախի կրթության և արվեստի ոլորտի գործիչներ, թատրոնի, թանգարանների, գրադարանների և այլ մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Օրակարգում «Կրթության և մշակույթի ոլորտներում ընթացող բարեփոխումները՝ որպես ազգային հզորացման և միջազգային ճանաչման նախապայման. օրենսդրական հնարավորություններ ու խոչընդոտներ» ընդհանրական հարցն էր։ 

Նիստի աշխատանքները՝ ըստ մշակույթի և կրթության ոլորտների, համապատասխանաբար վարում էին  նշված հանձնաժողովների նախագահներ Արտակ Դավթյանը (ՀՀ) և Արմեն Սարգսյանը (ԼՂՀ)։ 

Կարևորելով օրակարգի թեմատիկ ընդգրկումը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ այն  հրատապ է հայոց զուգապետության ընթացիկ ու տեսանելի ժամանակաշրջանի զարգացման համար և, որպես այդպիսին, համակողմանի կշռադատվելու ու հնարավորինս օպտիմալ ժամկետներում լուծում ստանալու կարիք ունի։  Իրականում, ասաց խորհրդարանի նախագահը, դա   համահայկական նշանակության հիմնախնդիր է՝ նկատի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած ու ժամանակին համընթաց ծառացող, առանձնապես, քաղաքական մարտահրավերները, որոնց դիմակայումն ու կասեցումը, բնականաբար, մեր ժողովրդի բոլոր հատվածների համախումբ ջանքերն են պահանջում։ ԱԺ նախագահի հավաստմամբ՝ թե Հայաստանի և թե Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունները պատրաստ են քննարկելու նիստի հնարավոր իրատեսական եզրակացություններն ու առաջարկությունները՝ համարժեք գործնական քայլերով դրանք կյանքի կոչելու համար։      

Նիստում հիմնական թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը («Մշակույթի ոլորտի զարգացման հեռանկարները՝ որպես միջազգային ճանաչման նախապայման, ոլորտի հիմնախնդիրները»), ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը («Մշակութային օրենսդրությունը և միջմշակութային հաղորդակցման հեռանկարները»), ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Սլավա Ասրյանը՝ «Հանրակրթության ու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտների բարեփոխումները ՀՀ-ում և ԼՂՀ-ում» թեմայով։ Ի հավելումն ասվածի, զեկուցողներն այնուհետև պատասխանեցին  ներկաների բազմաթիվ հարցերին՝ հանդես գալով լրացուցիչ պարզաբանումներով։ Բացի այդ, նիստի հրավիրյալ մասնակիցներին հնարավորություն տրվեց հանդես գալ քննարկումների թեմատիկ բնույթից բխող ելույթներով ու մի շարք ուշագրավ առաջարկություններով։    

Հավարտ քննարկումների՝ ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Դավթյանը և Արմեն Սարգսյանը ստորագրեցին հուշագիր երկու հանձնաժողովների միջև համագործակցության մասին։ 

Հաջորդ օրը՝ Գանձասարի վանք կատարած ուղևորությունից հետո, նիստի հայաստանյան մասնակիցները մեկնեցին Երևան։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նախորդ հոդվածը‘ԱՊՀ երկրների միջև կձևավորվի նոր միջկուսակցական պլատֆորմ’
Հաջորդ հոդվածը‘Արագածի անձնագրային բաժնի պետը կատարել է պաշտոնական կեղծիքներ’