‘ՀՅԴ. Ստյոպա Սաֆարյանի գրառումներից նուրբ պատվերի հոտ է գալիս’

488

Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառմանը: Դրանում Սաֆարյանը հարց էր ուղղել Դաշնակցությանը՝ նշելով, որ Երեւանում տեղադրված թանկարժեք (160 հազար դրամանոց) նստարանների արտադրողը ՀՅԴ անդամ է: «Հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով», — գրել էր Ստյոպա Սաֆարյանը:

«Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿ կուսակցությունը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Հարգելի’ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են», — Ստյոպա Սաֆարյանի գրառմանն արձագանքել է ՀՅԴ նախընտրական շտաբը:

Նախորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Անանդ-Արոնյան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում’