‘Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է իրականացրել’

766

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներն սպառնալիք են ողջ աշխարհի անվտանգությանը, երեքշաբթի հայտարարել է Միջուկային փորձարկումների համատարած արգելման պայմանագրի կազմակերպությունը (ՄՓՀԱՊԿ): «Եթե հաստատվի, որ տեղի է ունեցել միջուկային պայթյուն, ապա դա ակնհայտ սպառնալիք է Երկրի անվտանգությանն ու խաղաղությանը», կազմակերպության հայտարարությունից մեջբերում է France-Presse-ը: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երեքշաբթի առավոտյան ստորգետնյա ցնցումներ է գրանցել Հյուսիսային Կորեայի տարածքում՝ միջուկային փորձարկումների հրաձգարանից ոչ հեռու: Ծառայության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝  4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1կմ խորության վրա, Փհենյանից 378 կմ դեպի հյուսիս-արևելք: Մի քանի սեյսմիկ ծառայություններ հաղորդել են, որ դա արհեստական ծագման երկրաշարժ է: Արևմտյան ԶԼՄ-ների կարծիքով՝ ԿԺԴՀ-ն ստորգետնյա միջուկային պայթյուն է իրականացրել:

Ավելի ուշ Reuters-ը տարածեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անանուն դիվանագետի հայտարարությունն այն մասին, թե Հարավային Կորեան ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացրել է Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկման մասին: Այդ առթիվ Սեուլը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որը, հավանաբար, տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 18.00-ին, հաղորդում է РИА Новости- ն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված ստորգետնյա միջուկային փորձարկումը՝ այն համարելով Անվտանգության խորհրդի բանաձևի կոպտագույն խախտում:

Նախորդ հոդվածը‘Ազատ են արձակվել Իրանի ընդդիմության առաջնորդի 2 դուստրերը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա չորեքշաբթի’