‘Հյուսիսային և Հարավային Կորեաները ուղիղ բանակցություններ են վարում’

896

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն չորեքշաբթի օրը, վերջին յոթ տարիների ընթացքում՝ առաջին անգամ, բարձր մակարդակով ուղիղ բանակցություններ են սկսել: Ինչպես նշում է Yonhap գործակալությունը,  մի քանի ամիս շարունակվող լարվածությունից հետո այդ հանդիպումը կարող է նոր լիցք հաղորդել միջկորեական հարաբերություններին:

Բանակցություններում Հարավային Կորեան ներկայացնում է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Կիմ Հյու Հենը, իսկ ԿԺԴՀ-ն՝ Միացյալ ճակատի ղեկավարի տեղակալ Վոն Դոն Ենը:

Բանակցությունների մասնակիցները նախօրեին տեղեկացրել են, որ քննարկվելու են 1950-1953 թթ. Կորեական պատերազմի ընթացքում բաժանված ընտանիքների հանդիպման մանրամասները, ինչպես նաև՝ կողմերը կքննարկեն այդ հանդիպումները պարբերական դարձնելու հարցը:

Ավելի վաղ երկու կողմերի իշխանությունները որոշում էին կայացրել բաժանված ընտանիքների հանդիպումներն անցկացնել 2014 թ. փետրվարի 20-25-ը: Անցյալ տարի նույնպես նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն իշխանությունները հետագայում հրաժարվեցին դրանից:

Բաժանված ընտանիքների առաջին հանդիպումը կայացել է 1985 թ., դրանից հետո 15 տարի նման հանդիպումներ չեն եղել, դրանք վերականգնվել են 2000 թ., և մինչև 2010 թ. տեղի է ունեցել 18 հավաք, որոնց ընթացքում կարողացել են հանդիպել 3829 ընտանիքներ, իսկ 557-ը շփվել են վիդիոկապի օգնությամբ:

Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև բարձր մակարդակով վերջին բանակցություններն ընթացել են 2007 թ., փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդ. ՍԴ-ն ընտրությունները կայացած է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում պահանջում են Ազգային բանկի ղեկավարի հրաժարականը’