‘Հոնկոնգում ձերբակալել են հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարներին’

922

Ոստիկանությունը Հոնկոնգում ձերբակալել է 500-ից ավելի ցուցարարների, որոնք քաղաքի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել՝ դեմոկրատիայի պահանջով:

Նախօրեին Հոնկոնգում տեղի է ունեցել ամենամյա բազմահազարանոց երթ՝ Չինաստանի այդ առանձնահատուկ վարչական շրջանի ղեկավարին համընդհանուր ուղղակի քվեարկությամբ ընտրելու պահանջով: Երթից հետո մի քանի հարյուր ցուցարարներ մնացել են քաղաքի գործարար կենտրոնում և այնտեղ նստացույց են կազմակերպել: Ոստիկանությունն այդ ակցիան «չարտոնված» է հայտարարել և առավոտյան կողմ սկսել է ցուցարարների ձերբակալությունը:

Դեմոկրատիայի պահանջով երթ Հոնկոնգում տեղի է ունենում ամեն տարի՝ բրիտանական նախկին գաղութը 1997 թ. Չինաստանին հանձնելու տարեդարձի օրը: Բայց այս տարի, կազմակերպիչների խոսքով՝ ակցիային մասնակցել են ռեկորդային թվով ցուցարարներ՝ 510 հազար մարդ: Ոստիկանությունը պնդում է, որ ամենաշատը հավաքվել է 98 600 մարդ:

Հոնկոնգը պահպանում է քաղաքաղաքան  բազմակարծության՝ մայրցամաքային Չինաստանի համար չտեսնված մակարդակ, սակայն հոնկոնգյան ընդդիմությունն ավելին է պահանջում, մասնավորապես՝  տեղական ղեկավարի ուղղակի ընտրություններ: Հունիսին այստեղ քաղաքացիական ակտիվիստները 10 օրվա ընթացքում ոչ պաշտոնական հանրաքվե կազմակերպեցին, թե ինչպես ընտրել վարչակազմի ղեկավարին: Հանրաքվեին մասնակցեց առնվազն 800 հազար մարդ, սակայն տեղական իշխանությունները հայտարարեցին, որ քվեարկության արդյուքներն իրավաբանական ուժ չունեն, իսկ կենտրոնական իշխանություններն այն անվանեցին «անօրինական ֆարս»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մաքսիմ Հակոբյանը դադարել է Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն լինելուց. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սմբատյանը` Սերժ Սարգսյանի խորհրդական’