‘Հովիկ Աբրահամյանը խուսափեց Արամ Մանուկյանի հարցի պատասխանից (տեսանյութ)’

2241

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) հարց ուղղեց վարչապետ  Հովիկ Աբրահամյանին՝ հատկապես էներգետիկ բնագավառում կատարված չարաշահումների ու բացթողումների վերաբերյալ:

«Չորս ամիս առաջ դուք վարչապետ նշանակվեցիք, եւ որոշ քաղաքական ուժեր ու անհատներ ձեզ հետ հույսեր էին կապում, որ մինչ այդ կուտակված, հատկապես էներգետիկայի բնագավառում գոյություն ունեցող ռիսկերը, կոռուպցիոն գործարքները, չարաշահումները կբացահայտվեն, կշտկվեն: Այնինչ, ձեր վարչապետության ընթացքում դրանք շարունակվեցին եւ ավելի խորացան», — ասաց պատգամավորը:

Նա, մասնավորապես, նշեց, որ գազի թանկացման արդյունքում քչացել է սպառումը՝ նախորդ տարի բնակչությունը 4 մլն խմ-ով պակաս գազ է սպառել: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, գազաֆիկացվել է 12 հազար բնակարան, եւ դա մտել է գազի ինքնարժեքի մեջ:
Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ «Նաիրիտ», Վանաձորի «Քիմպրոմ» գործարանների ճակատագրի ու աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությամբ:  Արամ Մանուկյանը իր վրդովմունքը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ հատկապես էներգետիկայի ոլորտում մասնավոր ընկերությունների թերացումները փոխհատուցվում են պետբյուջեի հաշվին:

«Հարսով փեսին լավություն եք անում», — արձանագրեց Արամ Մանուկյանը:

 Չնայած պատգամավորը ընդգծեց, որ ակնկալում է դահլիճում գտնվող Հովիկ Աբրահամյանի պատասխանը, բայց ամբիոնին մոտեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա ասաց, որ կառավարությունը «ամեն ինչ անելու է»՝ բարձրացրած խնդիրները լուծելու համար:

Երվանդ Զախարյանի պատասխանը եւ Արամ Մանուկայնի արձագանքը՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Արարատի մարզում սահմանախախտի են ձերբակալել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ՌԴ դեսպանության պարզաբանումները երկքաղաքացիության մասին ‘