‘Հունաստանը Գերմանիայից ռազմատուգանք է պահանջում’

957

Հունաստանի կառավարությունը սպառնացել է բռնագրավել երկրում Գերմանիայի սեփականությունը՝  որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական օկուպացիայի փոխհատուցում:

Արդարադատության նախարար Նիկոս Պարասկևապոլուսը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Գերագույն դատարանի 2000 թ. կայացրած որոշումը, որով պահանջվում է փոխհատուցում վճարել 1944 թ. հունիսի 10-ին Դիստոմո գյուղում սպանված 218 զոհերի ազգականներին: Այն ժամանակ դատարանը որոշում է կայացրել, որ Գերմանիան զոհերի ազգականներին պետք է 28 մլն եվրո փոխհատուցում վճարի: Սակայն այդ որոշումը չէր իրականացվել, իսկ գործն էլ «թաղվել էր» միջազգային դատական ատյաններում: Դատարանի որոշումը թույլ էր տալիս բռնագրավել Հունաստանի տարածքում գտնվող ու Գերմանիային պատկանող սեփականությունը՝ որպես փոխհատուցում, սակայն այն ժամանակվա արդարադատության նախարար Միխալիս Ստատոպուլոսը չէր գնացել այդ քայլին:

Հունաստանի կառավարությունը, որը ծանր ֆինանսական վիճակում է, Գերմանիայից պահանջում է որպես ռազմատուգանք՝ վճարել միլիարդավոր եվրոներ:

Սակայն Բեռլինը պնդում է, որ փոխհատուցման հարցը լուծվել է 1990 թ.՝ դեռ մինչև երկու Գերմանիաների վերամիավորումը: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զիբերտը չորեքշաբթի հայտարարել է, թե Գերմանիան համոզված է, որ ռազմատուգանքի հարցը իրավաբանական և քաղաքական առումներով լուծված է:

Հունաստանի և Գերմանիայի փոխհարաբերությունները վերջին տարիներին վատացել են Հունաստանի պարտքերի և դրանցում Գերմանիայի դերի պատճառով, որը 2010 թ. ընդունված՝ ֆինանսական օգնության շրջանակներում հիմնական պարտատերերից մեկն է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կազանում հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը հրաժարվել է ժամանել Մոսկվա մայիսի 9-ին’