Հունգարիան հերքել է ԵՄ-ի հայտարարությունն արգելափակելու լուրը

205

Հունգարիան հերքել է Bloomberg գործակալության այն տեղեկությունը, թե ինքը վետո է դրել Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Եվրամիության համատեղ հայտարարության վրա։

«Դա սուտ է,- մարտի 20-ի երեկոյան ասել է Հունգարիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Մատե Պացոլայը։- Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան Եվրամիության՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին ներկայացրել է իր հետևյալ դիրքորոշումը․ Հունգարիան ի գիտություն է ընդունում ՄՔԴ-ի որոշումը և չի ցանկանում այն որևէ կերպ մեկնաբանել։ Սակայն եթե գերագույն հանձնակատարը կամ ԵՄ-ի ցանկացած երկիր ուզենա հանդես գալ հայտարարությամբ, Հունգարիան չի առարկի»։

Bloomberg գործակալությունը մարտի 20-ին հաղորդել էր՝ հղում անելով իր աղբյուրներին, որ Հունգարիայի դիրքորոշման կապակցությամբ՝ Բորելը ստիպված է եղել հայտարարությունը հրապարակել իր անունից։ Դրանում ասվում է, որ ՄՔԴ-ի որոշումն ընդունվում է ի գիտություն։

Գործակալության կարծիքով՝ ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր տալու վերաբերյալ իր դիրքորոշումը Հունգարիան կարող է հայտնել ԵՄ հերթական գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու մարտի 23-24-ին Բրյուսելում։

Մարտի 20-ին ԵՄ երկրների արդարադատության նախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ՄՔԴ-ի հետաքննության։ Հունգարիայի ներկայացուցիչն այն չի ստորագրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը տարված է ՌԴ-ին պարտության մատնելու գաղափարով
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանատունը հերքել է մարդու իրավունքների վերաբերյալ մեղադրանքները