‘Հունգար ուսանողները «մերկ բողոք» են կազմակերպել ընդդեմ դրես-կոդի’

1261

Հունգարական Կապոշվար քաղաքի համալսարանի ուսանողուհիները սեմինար պարապմունքն անցկացրել են ներքնազգեստով կամ բոլորովին մերկ՝ ի նշան դրես-կոդի դեմ բողոքի, որը բուհի ղեկավարությունը սահմանել է հոկտեմբերի 1-ից: Այդ մասին գրում է հունգարական Budapest Business Journal պարբերականը: Ուսանողուհիները և մի դասախոսուհի բողոքի ակցիան անցկացրել են հոկտեմբերի 3-ին: Լսարան մտնելով՝ նրանք մերկացել են և դասն անցկացրել՝ դասագրքերով ծածկելով իրենց մերկությունը: Բողոքի ակցիային մասնակցել է 11 հոգի:

Ըստ բուհի ղեկավարության սահմանած նոր կանոնների՝ ուսանողներին և դասախոսներին արգելվում է բուհի տարածքում հայտնվել կարճ զգեստներով, շորտերով, դեկոլտե կամ առանց ուսակապերի զգեստներով, ինչպես նաև՝ լողափնյա կոշիկներով: Բացի այդ՝ արգելվում են նաև վառ դիմահարդարումը, խոշոր զարդերն ու սուր հոտ ունեցող օծանելիքները: Տղամարդիկ, նոր կանոնների համաձայն՝  ուսումնական հաստատություն պետք է ներկայանան միայն մուգ կոստյումներով, նշում է BBC News-ը: Բուհի ռեկտորը բացառություն է արել միայն ամառվա համար, երբ շոգի պատճառով կարելի է թեթև հագուստ կրել: Բողոքի ակցիա անող ուսանողները հենց այդ կետի վրա են հենվել. նրանք հայտարարել են, թե լսարանում այնքան շոգ էր, որ ստիպված են եղել հանվել, փոխանցում է France-Presse գործակալությունը: Այժմ ուսանողները նոր ակցիա են նախապատրաստում. հոկտեմբերի 7-ին նրանք որոշել են դասի ներկայանալ լողափնյա «չուստերով» և ցամքոց-սրբիչներով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի ղեկավարներին համեմատել է ապուշների հետ’
Հաջորդ հոդվածը‘Էմոմալի Ռահմոնն կրկին առաջադրվել է Տաջիկստանի նախագահի թեկնածու’