‘Հռիփսիմե Խուրշուդյանի պատասխանը Նեմեցին’

3535

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) օրերս արած  հայտարարությանն այն մասին, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում հեռանկար չունի, քանի «հայ տղամարդը երբեք թույլ չի տա իրա 8 կամ 10 տարեկան աղջիկը գնա ու ամեն օր ջարդվի» և «հայ տղամարդն ու հայ կինը «իրար հետ հավասար չպիտի լինեն»:

ֆեյսբուքյան իր էջում ծանրամարտիկը թողել է հետևյալ գրառումը՝ «Կարծում եմ որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ իրավունք եմ ձեռք բերել կարծիքս հայտնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարության մասին: Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել: Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմն է հնչում և բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով, ես վստահ եմ, որ դա նաև Հայաստանում տվյալ մարզաձևի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երևի բացի նրանից»:

Օլիմպիական խաղերի մեդալակիրը նաև նշել է. «Իսկ ես հայտարարում եմ, որ ամուսնանալուց ու իմ հրաշք բալիկին ունենալուց հետո, ես շուտով վերադառնալու եմ ակտիվ սպորտ ու ապացուցեմ, որ հայ աղջիկը, հայ կինը կարող է և հասնելու է սպորտային մեծ բարձունքների» :

Նախորդ հոդվածը‘ Զորաց քարեր նախապատմական համալիրը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում’
Հաջորդ հոդվածը‘ՓՄԻԿ-ը հորդորում է ՀՀ իշխանություններին վատնված գումարների քաղաքականությունից անցնել գործնական քայլերի’