‘Հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին հեռացել է Ռուսաստանից’

1648

Հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին լքել է Ռուսաստանը, քանի որ նրան քրեական հետապնդում է սպառնում հունվար ամսին «Эхо Москвы»-ի կայքում հրապարակած հոդվածի համար: Այդ մասին BBC-ի թղթակցին հաղորդել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը:

Ավելի վաղ «Գրոզնի-ինֆորմ» գործակալությունը տեղեկացրել է, որ գլխավոր դատախազության կարծիքով՝ «Ռումբ, որ պատրաստ է պայթելու» հոդվածում ծայրահեղականության և «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի» նշաններ կան: Պիոնտկովսկու հոդվածը, ինչպես նշված է գլխավոր դատախազության փաստաթղթում, պարունակում է «թշնամանք և ատելություն հրահրող, ըստ ազգային պատկանելության՝ արժանապատվությունը վիրավորող» տարրեր:

Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ անհրաժեշտ է ճանաչել Չեչենական Հանրապետության անկախությունը:

Անդրեյ Պիոնտկովսկին Twitter-ում գրել է, որ վախենում է իր կյանքի համար:

«Չեչենական խորհրդարանը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ մի շարք հոդվածներով քրեական գործ հարուցելու հայցով: Մեկամյա վաղեմության փորձը հաշվի առնելով, երբ Նեմցովին պարզապես սպանեցին, ընդդիմությունից յուրաքանչյուր մարդ, որը քաղաքական կամ այլ կարգի ճնշումների առարկա է, կարող է վախենալ իր ֆիզիկական գոյության համար: Պիոնտկովսկուն հեղեղում էին սպանության սպառնալիքներ պարունակող նամակներով: Թե կարող ես՝ տարբերիր՝ ո՞րն է իրական, իսկ որը՝ սոսկ սպառնալիք՝ վախեցնելու համար: 76-ամյա մարդը, ի՞նչ է, հատուկ ծառայությունների աշխատակի՞ց է: Դրա համար էլ նա որոշեց հեռանալ»,- պատմել է Պիոնտկովսկու փաստաբանը: 

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է իտալացի գրող Ումբերտո Էկոն’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետի բրյուսելյան հաղթանակը’