‘Հրապարակվել է Քեթրին Էշթոնի և Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի զրույցն Ուկրաինայի մասին’

1053

Երեկ համացանցում հրապարակվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Խոսակցության ընթացքում նախարարը, մասնավորապես, նշում է, որ աստիճանաբար ավելի ու ավելի է տարածվում այն կարծիքը, թե ուկրաինական արևմտամետ քաղաքական դաշինքի մասերից մեկը կապ ունի փետրվարին Մայդանում դիպուկահարների գործողությունների հետ:

Հեռախոսազրույւցի ձայնագրությունը YouTube-ում տեղադրվել է մարտի 5-ին՝ նշումով, որ այն «որսացել» են ՈՒԱԾ աշխատակիցները, որոնք չեզոք են նախկին իշխանությունների հանդեպ: Ձայնագրության իսկությունը հաստատել է Էստոնիայի ԱԳ նախարարությունը:

Զրույցը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Էշթոնը հետաքրքրվում է, թե Պաետն ինչ կարծիքի է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ: Էստոնացի նախարարը նշում է, որ իշխանության եկած քաղաքական գործիչները ծայրաստիճան ցածր վստահություն ունեն հասարակության շրջանում, և նախազգուշացնում է, որ երկրի արևելքում նրանց կարող են չընդունել: Նա նաև շեշտում է, որ անհրաժեշտ է շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ խորը բարեփոխումներ իրականացնելու համար: Ընդ որում՝ Պաետն ասում է, որ ինքը զրուցել է ոմն Օլգայի հետ, ով հրաժարվել է մտնել կառավարության կազմի մեջ (հավանաբար՝ Օլգա Բոգոմոլեցը՝ հրապարակներում վիրավորների վերականգնման համակարգման կենտրոնի ղեկավարը): Նրան վկայակոչելով՝ նախարարն ասում է, որ եղած ապացույցները խոսում են այն մասին, որ Կիևում ցուցարարների և ուժայինների վրա կրակել են միևնույն մարդիկ: «Սրընթաց աճում է այն համոզմունքը, որ այդ դիպուկահարների ետևում ոչ թե Յանուկովիչն է կանգնած եղել, այլ նոր կոալիցիայից ինչ-որ մեկը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ իշխանությունները չեն ցանկանում հետաքննել տեղի ունեցածը, և հենց դա էլ խարխլում է հավատը նոր դաշինքի հանդեպ: Փոխանցում է infox.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը այլևս առաջվանը չէ’
Հաջորդ հոդվածը‘Երեւան-Վանաձոր մայրուղու վրա ոստիկանության զորքեր են բերվել’