‘ՀՔԱՎ. ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը’

1240

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում արդեն բազմիցս հանրությանը  տեղեկանքների և հայտարարությունների միջոցով ներկայացրել է դեպքեր, երբ զինված ուժեր են զորակոչվել առողջական խնդիրներով երիտասարդներ: Այս զինվորներից շատերը իրենց ողջ ծառայությունը կամ ծառայության մեծ մասը լինում են զինվորական հոսպիտալներում, այդպիսով անբացատրելի թողնելով մի հարց՝ ինչու են նրանք զորակոչվել ծառայության, եթե ակնհայտորեն պիտանի չեն ծառայությանը: Այժմ այսպիսի մի զորակոչիկի ծնող է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իր որդու զորակոչման կամ ծառայությունից ազատման խնդրին լուծում տալու նպատակով: Խնդիրը կայանում է հետևյալում: Ա. Դ.-ն 2011թ. հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշվել է ողնաշարի կրծքային հատվածի երրորդ աստիճանի կիֆոզ (անկյունը՝ 66 աստիճան): Հիվանդության այս աստիճանի դեպքում, համաձայն ՀՀ ՊՆ 2013թ. թիվ 410 հրամանի 36-րդ հոդվածի, զորակոչիկը ազատվում է զինվորական ծառայությունից, կամ ստանում է տարկետում: 2011 թ. հանձնաժողովի որոշմամբ Ա. Դ.-ին տրամադրվել է 3 տարվա տարկետում: 2014 թ. տարկետման ժամկետը ավարտվել է և Ա. Դ.-ին զորակոչում են բանակ, պատճառաբանությամբ, թե կիֆոզի աստիճանը հասել է թույլատրելի 60 աստիճանի և նա պիտանի է ծառայությանը: Սակայն նույն ժամանակահատվածում կատարվել է  ևս մեկ հետազոտություն, այլ բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշվել է 62 աստիճան, որի դեպքում զորակոչիկը ծառայությանը պիտանի չէ: Հատկանշական է մի փաստ, Ա. Դ.-ի մոտ առկա հիվանդությունները ժամանակի ընթացքում, առանց համապատասխան բժշկական միջամտության, չէին կարող վերանալ: Այժմ Ա. Դ.-ի խնդիրը կայանում է նրանում, որ 22.05.2014 թ. կայացվել է, որոշում, ըստ որի նա պիտանի է սահմանափակումով ծառայությանը: Խնդրին այժմ միջամտել է նաև ոստիկանությունը և իրականացնում է անհապաղ գործողություններ՝ զորակոչիկից պահանջելով ներկայանալ ոստիկանության բաժին՝ պարտավորագիր գրելու համար, այն դեպքում, երբ զորակոչիկը որևէ կերպ չի խուսափում ծառայությունից, հակառակը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դեռևս հուլիսի 11-ին և 18-ին դիմել է ՀՀ ՊՆ՝ իր զորակոչի օրինականությունը վերանայելու խնդրանքով, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Այսօր, ևս մեկ անգամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրություն է ուղարկվել՝ խնդրանքով վերանայել Ա. Դ.-ի զորակոչի օրինականությունը, ինչպես նաև լուծում տալ կազմակերպության նախորդ դիմումներով բարձրացրած խնդիրներին: Եվս մեկ անգամ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, խնդրում ենք ուշադրություն դարձնել այս և բոլոր զորակոչիկներին առնչվող խնդիրներին, կատարել հնարավորինս պատշաճ բուժզննություն, հետագայում խնդիրներից խուսափելու համար»:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱԶԲ. 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ աճի դանդաղումը պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Եթե մենք այդքան վճարեինք Լյուկ Շոուի համար, մեր թիմը ուղղակի կքանդվեր»’