‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ’

1052

2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները: Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման միջոցով մասնակից ուսուցիչները կտիրապետեն խաղաղասիրության եւ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ մեթոդներին: Դասընթացին մասնակցելու համար տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն:

Ծրագրին դիմել են ուսուցիչներ նաեւ Լոռու մարզից: Այս պահի դրությամբ ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից: Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը:

Անհապաղ պահանջում ենք չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արեւելյան գործընկերության գործընթացում:

Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռու մարզպետարանը, այլեւ ՀՀ իշխանությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի՝ Կալաշնիկովի ավտոմատով’
Հաջորդ հոդվածը‘Բյելսան կարող է գլխավորել «Բարսելոնան»’