Ձերբակալել են Մարգարիտա Սիմոնյանի անունից փող հանգանակողներին

166

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Պերմում ձերբակալել են RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունից «հատուկ ռազմական գործողության» գոտում ռուսաստանցի զինվորականներին օգնել ցանկացող մարդկանցից փողեր շորթած երեք կասկածյալների։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ մեսենջերներից մեկում հատուկ մի քանի ալիք է ստեղծվել Սիմոնյանի անունից, և աստիճանաբար նրա հետևորդների թիվը հասել է 100 հազարի։

«Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ չարագործները այնտեղ հաղորդագրություններ են տեղադրել, թե «հատուկ ռազմական գործողության» գոտում գործող զինծառայողների կարիքների համար անհրաժեշտ է տեխնիկա գնել, և առաջարկել են փող փոխանցել, իբր՝ կամավորների բանկային քարտերի վրա։ Այնուհետև հանգանակված գումարները յուրացվել են»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Սիմոնյանը դիմել է ոստիկանություն, և դրանից հետո քրեական բիզնեսի մասնակիցների ինքնությունը պարզվել է, և նրանք ձերբակալվել են Պերմում։ Հետաքննության վարկածով՝ ձերբակալվածներից երկուսը իրենց քարտերի վրա գումարներ են ստացել Ռուսաստանի տարբեր շրջաններից։ «Փոխանցումները հասել են 20 հազար ռուբլու։ Միջնորդները գումարներն ուղարկել են սխեմայի կազմակերպիչներին՝ մի մասն իրենց պահելով։ Նրանց հաշիվների շրջանառությունը վերջին մեկուկես ամսում անցել է 7 մլն ռուբլուց», հավելել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է պատժամիջոցներ մտցնել Ռոսատոմի դեմ
Հաջորդ հոդվածըՀռոմի «Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը մեկնարկեցին հաղթանակով