‘Ձեր ուզածն ընդամենը «մե փշուր» պաշտոն ստանա՞լն է կամ «մե բուռ» փո՞ղը’

2310

Երանի նրանց, ովքեր այս օրերին, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, կարողացան եւ կարողանում են նստել ու հոդված գրել: Ես չեմ կարողանում: Հենց հիմա էլ նստել եմ եւ ուզում եմ գրել: Ի՞նչ գրեմ: Գրեմ, որ այս նախագահական ընտրարշավ կոչված թամաշան ծայրեծայր խեղկատակությու՞ն է: Իսկ ո՞վ չգիտի: Բոլորն էլ գիտեն, տեսնում են: Պարզապես՝ մեկը ձեւացնում է, որ չգիտի, մյուսն էլ չի ձեւացնում:

Այս թամաշայի ջահակիրն, իհարկե, Հայաստանի նախագահի աթոռը զավթողն է, որին, որքան էլ ջանք թափի, նույնիսկ «խորհրդանիշ» (վերջին օրերին այնպես շշկռացրեց բոլորիս, որ արդեն մոռացել ենք, թե ինչի խորհրդանիշ է) Պարույր Հայրիկյանը չի հասնի: Սերժիկ Սարգսյանը, նախ, քանի որ սկսել է նախընտրական հանդիպումների ժամանակ ո’չ միայն իրեն մատուցված դպրոցական շարադրություններն ընթերցել, այլեւ ինքնուրույն մտքեր հայտնել, հասարակությանը ներկայանում է առանց «շպարի»: Իսկ առանց «շպարի», պարզվում է, այս պարոն Սարգսյանի բառապաշարը  գրեթե չի տարբերվում իր հռչակավոր հարազատ եղբոր բառապաշարից` էս եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես («տոնն» էլ որտե՞ղ են խանգարում… այո, Եռաբլուրում, որտեղ ղարաբաղյան պատերազմում զոհված մեր ազատամարտիկներն են հանգչում), տենց եք անում, որ խիարը թարս ա բուսնում (սա էլ ասում է Հայաստանի ամայացող գյուղերից մեկի հոգսի տակ կքած, անելանելիությունից տնքացող գյուղացուն)… Դե, ընտրարշավը դեռ շարունակվում է, եւ առայժմ նրա «հիթ շքերթի» առաջին սանդղակում լրագրողի` «որքան է գնահատում այս ընտրարշավում իր շանսերը» հարցին պատասխանն է. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էդքան խփեմ»: Բայց սա էլ` ոչինչ: «Խփել սիրող» այս մարդը որոշել է այլեւս ձեւեր չթափել, թե ինքը բարի ձյաձյա է ու բարեկիրթ է, գնահատենք նրա անկեղծությունը եւ առաջ անցնենք:

Վերջին օրերին պարոն Սերժիկ Սարգսյանն իր բոլոր հանդիպումները նվիրում է Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կարծում եք` հիշողությունների գիրկն է ընկել ու պատմում է, թե ոնց տխրահռչակ Կեւորկովի օգնականից թռավ-եկավ Հայաստան ու մեծամեծ պաշտոննե՞ր գրավեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Թե՞ պատմում է, թե ոնց էր պորտֆելը ձեռքին վազվզում՝ Առաջին նախագահին կրնկակոխ, ու այդ տարիներին մեկնումեկս նրա ծպտունն անգամ չենք լսել: Կարծում եք` պատմում է այդ տարիներին Հայաստանի հաջողությունների կամ ղարաբաղյան պատերազմում մեր երկրի տարած հաղթանակի՞ մասին: Չէ,  պարոն Սերժիկ Սարգսյանը քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա նախագահության տարիների «սխալներն» է վերհանում: Այն Սերժիկ Սարգսյանը, որի դեմքի արտահայտությունը եթե վերհիշենք այդ տարիներին, երեւի միայն այսպես կարող ենք վերարտադրել նրա համեստագույն լռության տակ տապ արած միտքը. «Բախտ եմ ասել, էէէ, Կեւորկով, մի գլուխդ բարձրացրու ու տես` էս ուր եմ հասել»:

Սա էլ` ոչինչ: Սերժիկ Սարգսյանն այս դեպքում էլ բոլորովին օրիգինալ չէ: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա հոխորտացողների իննսուն տոկոսը նրա նախագահության տարիներին տաքուկ աթոռների բազմածներն են, որոնք այն ժամանակ չէին հասցնում «նկատել» Առաջին նախագահի «սխալները»: Ո՞նց նկատեին, հազիվ հասցնում էին վայելել իրենց մատուցված պաշտոնները:

Սա էլ` հեչ: Ուրեմն, Սերժիկ Սարգսյանն իր հանդիպումների ժամանակ հաճոյախոսություններով ողողում է իր հետ մրցակցող նախագահի թեկնածուներին եւ սուր է ճոճում իր թեկնածությունը չառաջադրած, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Ի դեպ, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, որ սա այն նու՛յն Կոնգրեսն է, որի մասին այս նու՛յն Սերժիկ Սարգսյանի մանկլավիկները, պալատական լրագրողները, Կոնգրեսը պառակտողները լուսաբացից կեսգիշեր եւ կեսգիշերից լուսաբաց, միաբերան «ասմունքում են», որ այլեւս չկա այդ կառույցը, միայն անունն է մնացել:

Հետեւությունը պարզունակ է. Սերժիկ Սարգսյանը շատ վախեցած է, եւ այս դեպքում եթե մեր տատական մեթոդները նրան փրկեն` փրկեն, ուրիշ դեղուդարման չկա:

Դառնանք խեղկատակությանը: Փաստորեն, նախագահության մյուս թեկնածուները չեն  վիրավորվում բոլորովին: Այս մարդիկ չեն հասկանում, որ Սերժիկ Սարգսյանի համար իրենք եղած-չեղած` մի հաշիվ են: Պարոնայք, կողմնորոշվեք: Էն գլխից գիտենք ու հոգնեցինք ասելով, որ Սերժիկ Սարգսյանն այս անգամ էլ է զավթելու Հայաստանի նախագահի աթոռը, եւ այս պահին միակ ճիշտ քայլը նրան մենակ թողնելն է «արդար, ազատ ու թափանցիկ» ընտրություններին դեմ-հանդիման:  Դուք էլ գիտեք, որ ճիշտը դա է: Բոլորիցս լավ: Եւ ոչ այն պատճառով, որ ինքը ձեզանից ավելի արժանի է. չէ՛, նույնիսկ էպոսագետն ու սովահարության ճիրաններում փոթոթվող Անդրիասը, որն այդ ծանրագույն պահերին անգամ չի մոռանում իր դերակատարման նպատակը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ մամուլում հոդված է «քերթում» սովից դողացող մատներով, ավելի արժանի են, քան Սերժիկ Սարգսյանը. նրանք գոնե, որքան հանրությանն է հայտնի, դեռ չեն հասցրել տասն անմեղ զոհերի գնդակահարության գնով իշխանություն զավթել, ոչ էլ Հայաստանի հարյուրավոր անմեղ քաղաքացիների են բանտերում փակել` իրենց առաջ գլուխ չխոնարհելու համար: Ոչ էլ հասցրել են մարդկանց դրախտ  խոստանալ եւ դժոխք մատուցել: Թարգը տվեք` ինչպես կասեր Սերժիկ Սարգսյանի շատ գրագետ շրջապատը, էս եկել եք ստեղ, թամաշա եք սարքել, Սերժիկի տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք: Թե՞ լավ էլ կողմնորոշված եք, անտեղի ջանք ու եռանդ ենք վատնում, որ, իբր, ձեզ հիմար վիճակից հանենք: Ոնց որ թե կողմնորոշված եք: Ոնց որ թե Սերժիկի գորշ «համայնապատկերն» եք ճոխացնում: Գիտակցաբար, հա՞, ոնց որ: Էս ի՞նչ օրի եք, ձեզ կողքից նայե՞լ եք: Եթե չեք նայել, ասեմ` ես մեկումեջ նայել եմ: Շատ անհարմար բան է ստացվում: Պատկերը սա է: Կենտրոնում մի շատ վախեցած, ես կասեի` լեղաճաք եղած մարդ է, որը ոնց որ թե  լրիվ խառնել ա իրար սաղ: Հոխորտում է, իհարկե: Բայց` ոչ ձեր դեմ, Հայաստանի, այսպես կոչված, նախագահի թեկնածուներ: Այս բովանդակ Հայաստանում նա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ նրա ղեկավարած` «գոյություն չունեցող» Հայ ազգային կոնգրեսից է վտանգի հոտ առնում: Հեչ մտքներովդ չի՞ անցել, որ հեռուստաեթերը բոլորիդ առաջ լայնորեն բացել են, որովհետեւ Սերժիկն ասել է` դե, թող ուրախանան էլի, ու՞մ են խանգարում, մանավանդ որ` ինձ թողած, Կոնգրեսին ու նրա առաջնորդին են քննադատում: Թե՞ ձեզ թվում է` ինչ-որ անհասկանալի ծագման մոծակ է խայթել նրան, ու մեկ էլ Սերժիկ Սարգսյանը, որն իր իշխանության համար տասը հոգու անշունչ մարմինների վրայով անցավ ու մի հատ «օֆ» չարեց, բիրդան ժողովրդավար է դարձել, ու եթե հանկարծ ձեզանից մեկը հրաշքով ժողովրդի ձայների հիսուն տոկոսից ավելին հավաքի, Սերժիկ Սարգսյանն ու իր ախպեր Սաշիկն ասելու են` է՛ս ձեզ Հայաստանի գահը, էս էլ դաչայի բանալին, մենք էլ գնանք` քուջուջ անենք, գլուխներս պահենք:

Ձեր ուզածն ընդամենը «մե փշուր» պաշտոն ստանա՞լն է կամ «մե բուռ» փո՞ղը: Դրա մասին կարող եք նույնիսկ չբարձրաձայնել: Կույր չենք` տեսնում ենք եւ օր օրի ավելի ենք համոզվում:

Հ.Գ. Հոդված չստացվեց, բայց այն` ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հոդվածի արժանի թեմա չէ: Ինչ որ գրեցի, սա էլ է ձեզ շատ:

Լիզա Ճաղարյան  

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես էր «Բաղրամյան 26 սողոսկածը» 96-ին պատրաստվում կրակել ժողովրդի վրա’
Հաջորդ հոդվածը‘Իրանում ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդի դուստրերին’