‘Ձկնային տնտեսությունների ավելի քան 70%-ը կարող է դադարեցնել իր գործունեությունը’

1171

Հայաստանի ձկնային տնտեսությունների ավելի քան 70%-ը կարող է դադարեցնել իր գործունեությունը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ ձկնարտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։ Նրա խոսքով, ոլորտի ճգնաժամը կապված է պետության կողմից ձկնաբուծական տնտեսությունների խնդիրների նկատմամբ ուշադրության բացակայության հետ: Միակ լիազոր մարմինը, որի հետ ձկնաբույծները շարունակում են փոխգործակցել, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն է: Խնդրի լուծումն Աթոյանը պետական կառույցների կողմից խոշոր ձկնարտադրողների նկատմամբ ճնշումից հրաժարվելու և փոքր ձեռնարկություններին աջակցելու մեջ է տեսնում: Ճգնաժամի պատճառը, նրա խոսքով, արտեզյան հորերը փակելու փորձերի մեջ է: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարը կազմում է 1.226 մլրդ խմ, սակայն Բնապահպանության նախարարությունը ձկնային տնտեսություններին 1.496 մլրդ խմ չափով ջրօգտագործման թույլտվություն է տվել: Արդյունքում դաշտավայրի 638 արտեզյան հորերից 122-ը չորացել է, և 6200 հա հող առանց ջուր է մնացել: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի ցավակցել Մանդելայի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Եկող տարի Շվեյցարիան կաջակցի հակամարտությունների կարգավորմանը’