‘Եկող տարի Շվեյցարիան կաջակցի հակամարտությունների կարգավորմանը’

800

2014 թվականին ԵԱՀԿ նախագահության շրջանում Շվեյցարիան կաջակցի հակամարտությունների կարգավորմանը Կովկասում և Բալկաններում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկխալտերը, ով մասնակցում է Կիևում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստին:

«Այն բանից անմիջապես հետո, երբ 2014 թվականի հունվարի 1-ից Շվեյցաիան ստանձնի ԵԱՀԿ նախագահությունը, կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ, որոնց խնդիրը կլինի աջակցությունը Հարավային Կովկասի և Բալկանների հակամարտությունների կարգավորման գործընթացին: Մենք ձգտում ենք ապահովել հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների առավել թափանցիկություն», — ասել  է Շվեյցարիայի արտգործնախարարը: Նա պարզաբանել է, որ այդ տարածաշրջանների գծով հատուկ ներկայացուցիչները կնշանակվեն երկու տարի ժամկետով և իրենց գործունեությունը կշարունակեն 2015 թվականին ԵԱՀԿ Սերբիայի նախագահության շրջանում: Բացի այդ, նրա հավաստմամբ, կնշանակվի հատուկ ներկայացուցիչ Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար, և կշարունակվի այդ ուղղությամբ աշխատանքը «5+2» ձևաչափով:

Պարզաբանելով Շվեյցարիայի դիրքորոշումը Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման նկատմամբ` որպես ԵԱՀԿ ապագա նախագահ, Դիդիե Բուրկխալտերը նշել է, որ իրավիճակն այնտեղ «չափազանց բարդ է», և Շվեյցարիան իր նախագահության շրջանում «կաջակցի երկխոսության զարգացմանը կողմերի միջև»: Վիկեննայի ԵԱՀԿ կենտրոնակայանում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Թոմաս Գրեմինգերն այդ առնչությամբ նշել ,է որ Շվեյցարիան «պաշտպանում է կարգավորման Մինսկի գործընթացը, Կովկասում առկա իրավիճակի շուրջ Ժնևի քննարկումները և կփորձի աջակցել կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցներին»:

 

Նախորդ հոդվածը‘Ձկնային տնտեսությունների ավելի քան 70%-ը կարող է դադարեցնել իր գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘Մինչեւ ՄՄ բանակցությունների ավարտը Սերժ Սարգսյանը անդամակցության առավելությունների մասին չի խոսի’