‘Ղազախստանյան ամսագրի գլխավոր խմբագրին դատել են Հիտլերին նվիրված համարի պատճառով’

943

Ալմաթիի քաղաքացիական գործերով շրջանային դատարանը վետերանների հայցով պարտավորեցրել է «Մարդ-լեգենդ» ամսագրի գլխավոր խմբագիր Ժառիլկապ Կալիբային վճարել 13 միլիոն տենգե (ավելի քան 70 հազար դոլար):

Բողոքի համար առիթ է դարձել ամսագրի ապրիլյան համարը, որը նվիրված էր Ադոլֆ Հիտլերի 125-ամյակին: Դատարանը Կալիբային նաև պարտավորեցրել է հրապարակավ ներողություն խնդրել ամսագրի հրապարակման համար: Գլխավոր խմբագիրը դատարանի որոշմանը համաձայն չէ և խոստացել է բողոքարկել այն:

Դատավարության առաջկա դարձած ամսագրային համարում տեղ է գտել  «Հիտլերը ֆաշիստ չէ» վերնագրով հոդված, որն արդարացնում է նացիոնալ-սոցիալիստների առաջնորդին: Մյուս հոդվածը նվիրված է Հիտլերի «Մայն կամպֆ» գրքին:

Հիտլերին նվիրված համարին արձագանքել է Ղազախստանի արտգործնախարարությունը՝ նման կարգի հրապարակումներն անվանելով անընդունելի և անտեղի: Իր հերթին՝ կապի և տեղեկատվության ազգային գործակալությունը հայտարարել է, որ սկանդալային համարում «կան պետության սահմանադրության և օրենսդրության խախտման նշաններ՝ սոցիալական, ազգային, ցեղային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու առումով»:

Ալմաթիում ապրիլի 21-ին Երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի պատերազմի վետերանները  այրել էին ամսագրի՝ Հիտլերին նվիրված համարը և դիմել էին տեղական իշխանություններին՝ խնդրելով ետ վերցնել պարբերականին տրված արտոնագիրը: Վետերանները նաև պահանջել էին քրեական պատասխանատվության կանչել ամսագրի գլխավոր խմբագրին:

Կալիբայն ինքը պնդում է, որ ընդամենն ուզեցել է ցույց տալ այն սպառնալիքը, որ բխում է Հիտլերի նման ֆիգուրներից: Նա նաև պնդում է, որ այդ թեմայի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է «երկիրը հարևան պետության՝ Ռուսաստանյան կայսրության վտանգավոր քաղաքականությունից պաշտպանելու ցանկությամբ»: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը վերանվանվել է «Իսլամական պետություն» խալիֆայություն’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի համար ամենավտանգավոր երկրները’