‘Ղրիմում նոր բջջային օպերատորի սեփականատերը հայկական ընկերություն է’

1825

Ղրիմ թերակղզում հաճախականություններ է ստացել և աշխատանքը դադարեցրած «ՄՏՍ-Ուկրաինային» փոխարինել է «Կ-Տելեկոմ» ընկերությունը, որի սեփականատերը Հայաստանում գրանցված «Սելլ գրուպ ուորդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ն: Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, Հայաստանի իրավաբանական անձանց ռեեստրի տվյալների համաձայն, ՓԲԸ-ն պատկանում է Cell Group Worldwide ltd անհայտ իրավազորությամբ ընկերությանը:

«Վեդոմոստին» հայտնում է, որ մայիսի վերջին Կրասնոդարում գրանցված «Կ-Տելեկոմը» մեկ շաբաթից Ռադիոհաճախականությունների պետհանձնաժողովից ստացել է Ղրիմում «ՄՏՍ-Ուկրաինայի» GSM-հաճախականությունները: Ընկերությունն ի սկզբանե գրանցել է մասնավոր տուրիստական խորհրդատու Աննա Բերեզկինան, ինչից հետո «Կ-Տելեկոմը» երկու անգամ փոխել է սեփականատիրոջը՝ հունիսի վերջին դառնալով հայկական «Սելլ գրուպ ուորդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ի սեփականությունը: Ինչպես գրում է թերթը, Հայաստանում նույնպես աշխատում է «Կ-տելեկոմ» ՓԲԸ-ն` ՄՏՍ-ի «դուստր» ընկերությունը: ՄՏՍ-ը նաև ռուսական «դուստր» ընկերություն ունի` նույն անվանումով: ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ասում են, որ օպերատորը որևէ առնչություն չունի Ղրիմում աշխատող «Կ-տելեկոմի» հետ:

iKS-Consulting վերլուծական կենտրոնի տվյելներով, 2013 թ. վերջի դրությամբ Ղրիմում և Սևաստոպոլում բջջային կապի 2,97 մլն բաժանորդ կա: Նրանց մեծ մասին սպասարկել է «ՄՏՍ-Ուկրաինան», (57%), 21%-ին` «Կիևսթարը» (Vimpelcom Ltd-ի ուկրաինական դուստր ընկերություն) և 16% -ին`«Ասթելիտը» /վերահսկվում է թուրքական Turkcell-ի կողմից):

Նախորդ հոդվածը‘Անխել դի Մարիան մարզվում է «Ռեալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ով է Վանաձորի Քիմպրոմի սեփականատերը’