‘Ճանաչեք «ձեր» պատգամավորներին’

1462

ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն աչքի չի ընկնում պատգամավորական ակտիվ  գործունեությամբ: Այդ մասին կարող ենք տեղեկանալ parliamentmonitoring.am-ից, որտեղ ներկայացված է վիճակագրություն պատգամավորների ելույթների, հնչեցրած հարցերի, քվեարկությունների ու նիստերին ներկայությունների վերաբերյալ:

Որպես օրինակ՝ «Ա1+»-ի լրագրողին ծնոտը պոկելու սպառնալիք հնչեցրած ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԱԺ նիստերի ժամանակ կողմ է քվեարկել 153 անգամ, երբեք ձեռնպահ չի քվեարկել, չի քվեարկել 23 անգամ, նիստերից բացակայել է 2 անգամ, երբեք ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել: Դրա փոխարեն՝ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է նա նիստերից մեկի ժամանակ ուրիշ պատգամավորի փոխարեն քվեարկում պետական բյուջեի նախագծի օգտին:

Լրագրողին «վնգստացող» անվանող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ կողմ է քվեարկել 141, դեմ՝ 3 անգամ:

Թե՛ Սեդրակյանը, թե՛ Վարդան Այվազյանը դեմ են քվեարկել թե Դաշնակցություն խմբակցության հեղինակած նվազագույն ամսական աշխատավարձը զգալիորեն բարձրացնելու օրենքի նախագծին, թե Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած՝ Մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին, ով դեկտեմբերի 2-ին ընտրվեց պատգամավոր, Ազգային ժողովում մինչև այժմ ոչ մի ելույթ չի ունեցել, չի հնչեցրել ոչ մի հարց, կողմ է քվեարկել 106, չի քվեարկել 4 անգամ, ոչ մի անգամ դեմ չի քվեարկել:

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով առավել հայտնի է որպես «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր և աչքի է ընկել պատմամշակութային արժեք ներկայացնող «Փակ շուկայի» զավթմամբ, Ազգային ժողովում չի բարձրացրել ոչ մի հարց, ելույթ չի ունեցել, առավելևս՝ չի հեղինակել ոչ մի օրենքի նախագիծ և հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ: Նրա պատգամավորական գործունեությունը սահմանափակվել է միայն 116 անգամ կողմ քվեարկելով: 

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի հրապարակում բողոքի ցույցը «լեզվաբանական պատերազմի» տեսք է ընդունում’
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք ունեցանք ավելի լավ Երևան (տեսանյութ)’