‘Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ԻՊ-ի կողմից ձերբակալված իր քաղաքացիների ինքնությունը’

1084

Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գծով արագ արձագանքման հատուկ խումբ է ուղարկել Հորդանան՝ երեքշաբթի «Իսլամական պետություն» խմբավորման այն հայտարարությունից հետո, թե գերի ընկած երկու ճապոնացիները մահապատժի կենթարկվեն, եթե 72 ժամվա ընթացքում նրանց համար չվճարվի 200 մլն դոլար փրկագին:

Այժմ Հորդանանում արդեն աշխատում են ճապոնական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Նրանց թվաքանակի և ծրագրերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Չորեքշաբթի Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է առևանգված երկու ճապոնացիների ինքնությունը. մեկը մանր գործարար Հարունա Յուկավան է, որը փորձել է աշխատել Սիրիայում և անցյալ տարվա օգոստոսին առևանգվել է Հալեպի շրջանում, մյուսը փորձառու լրագրող Քենձի Գոտոն է, ով անցյալ տարի աշնանը տեղեկացրել էր, որ փորձելու է ազատել իր մի ծանոթին ու նույնպես անհետացել էր:

Նախօրեին ճապոնացի պատանդների տեսաերիզը հրապարակվել է ծայրահեղականների կայքերից մեկում: Դրանից մի քանի օր առաջ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր մերձավորարևելյան շրջագայության ժամանակ հայտարարել էր, թե Տոկիոն պատրաստ է, որպես ոչ ռազմական օգնություն՝ 200 մլն դոլար հատկացնել այն երկրներին, ովքեր պայքարում են ԻՊ-ի դեմ: Ուշագրավ է, որ ճապոնացի պատանդների համար գրոհայինները հենց նույնքան փրկագին են սահմանել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Ծաղկեպսակներով և ցավակցություններով չենք կարող կանխել վաղվա դիվերսիաները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ’