‘Մազալու մրցարշավ, կամ` բոլոր թեկնածուները նախապես գիտեն, որ այս անգամ էլ է Սերժիկը զավթելու նախագահի աթոռը’

2735

Չգիտեմ` ինչու, «էն գըրբացի չար ջանքով, գիր ու կապով, բըժժանքով», թե ոնց, բայց փաստ է, որ առավոտյան արշալույսին միացրի հեռուստացույցը եւ սկսեցի իրար հետեւից դիտել ու լսել ՀՀ նախագահի թեկնածուների ելույթները, ասուլիսները, հարցազրույցները: Որը պատահի, ոնց պատահի: Մի դեպքում ծիծաղեցի լիաթոք, մի դեպքում տխրեցի խորապես, մի դեպքում ուսերս թոթվեցի, մի այլ դեպքում` գլուխս օրորեցի, մի դեպքում ականջներս փակեցի, մի դեպքում` աչքերս…

«Դեպքերից» մեկին ընդհանրապես չտեսա: «Խորհրդավոր» Արմանին` Մելիքյան:

Հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին չեմ անդրադառնա: Ես նրան առողջություն եմ ցանկանում եւ մոտ ապագայում բարի ախորժակ:

Հրանտ Բագրատյանին էլ չեմ անդրադառնա: Ու չեմ ասի` ինչու:  

Այս մազալու ընտրարշավի իմ միակ ուրախությունը Վարդան Սեդրակյանն է: Էպոսագետը: Ավելի որոշակի` արտատեր պառավը:  Մանավանդ որ` առավոտյան արշալույսին նա կրկին ավետեց, որ ինքը հաղթելու է, ավելին` հաղթելուց հետո անվավեր է հայտարարելու ընտրություններն ու մի անգամ էլ է ընտրվելու: Նախ` ուրախացա, որ մեր արտատեր պառավի շնորհիվ գալիք բոլոր ընտրություններին արտերն այլեւս ձյան տակ կքված չեն լինելու, ու մենք` երջանիկ ընտրողներս, կանաչ դաշտերի միջով` արեւաճաճանչափայլ տրամադրությամբ ենք սլանալու իրեն ընտրելու:  Հետո ուրախացա, որ արդեն պարզել է` ովքեր են Պարույր Հայրիկյանի մահափորձի պատվիրատուները: Մասոններն են: Հատկապես` էն ամերիկյան թեւի մասոնները, որոնցից երկուսին էլ ինքն անձամբ ճանաչում է` Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը: Ոչ միայն գիտի, որ մասոններն են, այլեւ ինքը վաղուց գիտեր, որ նրանք ուզում են սպանել Պարույր Հայրիկյանին (բա որ գիտեր` ինչի՞ չէր մի բան մտածում, էպոսում նման դեպքերի համար բան չկա՞ գրված): Ճիշտ է, այս անգամ չասաց, թե ինչու են մասոնները, հատկապես էն ամերիկյան թեւինը, վաղուց երազել սպանել Հայրիկյանին, բայց համոզված եմ, որ մեր պառավը թույլ չի տա, որ երկար խարխափենք անգիտության խավարում, ու մի օր անպայման կասի: Հա, մի բան էլ բացահայտեց: Ասաց, որ դեռ տասը տարի առաջ քանիցս հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրան զգուշացրել. «Քանի դեռ հայ ազգը ողջ է, քանի դեռ ես կամ, դուք Հայաստանի Հանրապետության նախագահ չեք դառնա, որովհետեւ…»: Որովհետեւ` ինչ, այս դեպքում կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ էպոսագետ ու ամենագետ Սեդրակյանը պարզից պարզ հասկացրեց, որ հայ ազգի հետագա գոյությունը պայմանավորված է իր «ողջությամբ»: Այնպես որ, ազգ իմ, Սեդրակյանի անմահության ելքը գտանք` գտանք, չգտանք` կորած ենք: Ի՞նչ իմանաս` քանի տարի կձգի մեր արտատերը, վերջապես պառավ է: Չնայած` ահագին թարմ է մնացել:

Մահափորձված Պարույր Հայրիկյանն այլ կարծիքի էր: Նա պահանջում է պարզել, թե «ով է եղել այն սրիկան, որ առաջին անգամ այդպիսի հաղորդագրություն է տարածել, որ այ է՛ս մասը կոչվում է ուս»: Թե որ մասը նկատի ուներ Հայրիկյանը, բոլորս գիտենք: Նա պնդեց, որ իր դեմ մահափորձը «մի քանի շերտով» է: Իր նշածը, փաստորեն, ընդամենը մի շերտն էր: Մի շերտ էլ ես հուշեմ: Մի այլ կայքում էլ կարդացել եմ, որ Հայրիկյանը վիրավորվել է որովայնի շրջանում, եւ վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Ինձ թվում է` սա էլ է «շերտ»: Ամեն դեպքում արժե մտածել: Որովհետեւ որքան էլ ճնշում եմ գործադրում ինձ վրա, չեմ կարողանում ենթադրել, որ որովայնի շրջանը «կոչվում է ուս» կամ էլ ուսից մի քիչ էս կողմ-էն կողմ: Օֆ, չգիտեմ, շատ շերտավորված մահափորձ է, սրանից միայն էպոսագետը գլուխ կհանի: Համ էլ սրանք երկրորդական բաներ են. կարեւորն այն է, որ Հայրիկյանի մահափորձից հետո «միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը»: Հայրիկյանն ասաց: Դե, այդ ժամանակ ինքը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր, չգիտեր, որ «ազգընտիրի» զրնգուն ձայնն այդ օրը խայտառակ խզված էր, թե չէ հո չմտածեցի՞ք, որ մեր «անկախության խորհրդանիշը» քծնում է այս ընտրարշավում իր հակառակորդ Սերժիկ Սարգսյանին: Հայրիկյանը վերջում կոչ արեց հասարակությանը, որ նրանք ահաբեկիչների հետ չլինեն: Չէ, պարոն Հայրիկյան, երդում եմ ուտում հասարակության անունից, որ մենք ահաբեկիչների հետ չենք, մենք ահաբեկիչների ձեռքը կրակն ընկածներ ենք:  

Անշուշտ, հիացմունքից հալվեցի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը համառորեն բարեւեց իրեն հարց տվող մարզային լրագրողներին, իսկ լրագրողներն էլ համառորեն չպատասխանեցին, որովհետեւ ոչ թե բարեկիրթ չէին, այլ նրանց հարցն ուղիղեթերային չէր, նախապես ձայնագրված էր: Դժվար թե Րաֆֆի Հովհաննիսյանը հենց առաջին անհաջող փորձից դա չհասկացավ: Համենայն դեպս, ես այդպես եմ ուզում կարծել: Բայց ի՞նչ անես` մարդը որոշել է բարեւել համայն հայությանը ու բարեւում է, ջհանդամ թե` պատասխանեն: Մի քիչ սիրտս ճմլվեց նրան անկեղծորեն համակրողների համար, երբ արդեն որերորդ անգամ նկատեցի, թե ինչպես է պարոն Հովհաննիսյանի սիրտը թրթռում` Սերժիկ Սարգսյանի մասին խոսելիս, դեմքի արտահայտությունն ինչպե՜ս է փոխվում «իր կողմից հարգված պարոն Սարգսյանին» հիշելիս, բայց` սա էլ ոչինչ: Դե, ես միջնադարում խարխափող  Հայաստանում եմ ապրում, ինքն ամերիկաներում ծնված-մեծացած-կրթված ՀՀ նախագահի թեկնածու է, ինքն ու՜ր, ես ու՜ր, որ ընկալեմ նրա բարեկրթության սեանսները, հասկանամ, որ նույնիսկ պետք է հարգել Մարտի 1-ի զոհերի գնով նախագահի աթոռը զավթողին:

Հաջորդը մազերը խնամքով «ֆենած» ապարանցի աննման Աննմանն էր: Չէ, լրիվ խառնեցի սաղ: Հաջորդը Սերժիկ Սարգսյանն էր, իսկ աննման Աննմանը նրան բանաստեղծություն ձոնողն էր: Ապարանցի Աննմանը մեր կարկառուն ասմունքողների նման բացականչեց` ապահո՛վ երկի՛ր, հզո՛ր Հայաստա՛ն: Մնացածը չեթերեցին: Բայց որոտընդոստ ծափահարություններից դատելով` պետք է որ շեդեւր լիներ: Հետո էլ կարեւոր չէ` մենք լսեցինք, թե` ոչ: Լրագրողը, կարկառուն ասմունքողից ոչ պակաս պաթոսով հայտարարեց. «Սերժ Սարգսյանը լսեց մինչեւ վերջ»: Հոգուդ մեռնեմ, այ աղջիկ ջան, բա ի՞նչ էր անելու: Բա հո չէ՞ր ասելու` էս եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես, կամ հո չէր ասելու` տենց եք անում, որ խիարը թարս է բուսնում: Նման բաներ ինքն ասում է այն ժամանակ, երբ մարդիկ դժգոհում են իրենց վիճակից, իսկ այն պահերին, երբ իրեն անկեղծորեն քծնում են, ինքը միայն համեստորեն կոպերն իջեցնում է ու ամոթխածորեն շիկնում: Իբր` ճիշտ եք ասում, քիչ եք ասում, բայց դե…

Ի դեպ, հենց բանը հասնում է թեկնածու Սերժիկ Սարգսյանին, նրա քարոզարշավը ներկայացնող լրագրողները դառնում են ժողթատրոնի միջակից ցածր դերասաններ, ու այդ ժամանակ, ուզես-չուզես, Ստանիսլավսկին է միտդ գալիս. «Չե՛մ հավատում»:

Ինչեւէ: Նայեցի, լսեցի, ծիծաղեցի, տխրեցի, տեղ-տեղ սրտխառնուք զգացի, բայց մի բան հաստատապես հասկացա: Ոչ մի ՀՀ նախագահի թեկնածու չի հավատում, որ ինքը դառնալու է Հայաստանի նախագահ: Բոլորը նախապես գիտեն, որ այս անգամ էլ է Սերժիկ Սարգսյանը զավթելու նախագահի աթոռը: Եւ թե այս մարդկանցից որն ինչ հեռահար նպատակով է մասնակցում այս խեղկատակային բալագանին, համբերենք` կտեսնենք: Քիչ մնաց:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպացի դիտորդները փետրվարի 19-ին նախնական հայտարարություն կանեն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. «Վերեւն Աստված կա»’