Մահապատիժ՝ մահաբեր Covid-ի ժամանակներում

720

Կորոնավիրուսի համավարակը 18 երկրների ետ չի պահել 2020 թ․ մահապատիժներ իրականացնելուց, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Մի քանի երկրներում մահապատժի ի կատար ածված դատավճիռներն ավելին են եղել, քան նախորդ տարի, ինչը, իրավապաշտպանների կարծիքով, վկայում է մարդկային կյանքը չգնահատելու մասին՝ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը փորձում է մարդկանց պաշտպանել մահացու վիրուսից։

Այսպես, օրինակ, Եգիպտոսում մահապատիժները, նախորդ տարվա համեմատ,  եռապատկվել են։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, 17-ամյա ընդմիջումից հետո, անցյալ տարվա վեց ամսվա ընթացքում մահապատժի է ենթարկել տասը մարդու։

Համավարակի կապակցությամբ մտցված սահմանափակումների պատճառով շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, խախտվել է մարդկանց՝ արդարացի դատական քննության իրավունքը։

Չինաստանում մարդը մահապատժի է ենթարկվել կարանտինային կանոնները խախտելու համար։ Անցյալ տարվա փետրվարին, երբ կորոնավիրուսն սկսել էր արագ տարածվել աշխարհում, Չինաստանում հանցանքի նոր տեսակ էին սահմանել՝ Covid-19-ի ախտանշանները թաքցնելը։ Մարդը, որը թաքցրել էր այդ ախտանշանները և վարակել ինչ-որ մեկին, լավագույն դեպքում կարող էր դատապարտվել տասը տարվա ազատազրկման։ Իսկ առավելագույն պատժաչափը մահապատիժն էր։

Amnesty International-ի ունեցած տվյալների համաձայն՝ Չինաստանում ամեն տարի մահապատժի է ենթարկվում  հազար հոգի․ այդ ցուցանիշով երկիրը գերազանցում է առաջատար երկրներին՝ Իրան, Եգիպտոս, Իրաք և Սաուդյան Արաբիա։ Այս չորս երկրներին է բաժին ընկնում 2020 թ․ բոլոր հայտնի մահապատիժների 88 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Թովմասյան․ Ալեքսանյանը հասարակությանը մատուցում է իրականությանը չհամապատասխանող պնդում
Հաջորդ հոդվածըՌուսաստան և Արևմուտք՝ տարաձայնություններ և երկխոսություն