‘Մամուլը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին’

1167

Հրապարակը գրում է.

«Երեկ՝ հուլիսի 1-ին, Հայաստանը ոչ միայն չանդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, այլև ռուսական ընկերությունների վատ տնտեսվարման պատճառով գազի գնի բարձրացումից հետո հիմա էլ բարձրացավ էլէներգիայի գինը»,- արձանագրեց կառավարության մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ այդ թանկացումը նաև շանտաժի արդյունքում եղավ. ընկերությունն սպառնացել էր՝ եթե գինը չբարձրանա, կրճատումներ կանի: Սակայն պատճառները միայն դրանք չեն. նուրբ` կոռուպցիոն մանիպուլյացիաներ ևս կան: Խոսքը ոչ միայն Վրաստանից Հայաստան ներկրվող էլէներգիային է վերաբերում, այլև Հայաստանից արտահանվող:

Բանն այն է, որ ատոմակայանի էժան էներգիան, ըստ նույն աղբյուրի, արտահանվել է, դրսից գնվել է թանկ էներգիա՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: Ավելին, ներդրումներ գրեթե չեն եղել: «Անմխիթար է ոչ միայն ողջ համակարգի, այլև նախարարության շենքային վիճակը, եթե մտնեք նախարարի սենյակ, ձեզ կթվա, թե անցյալ դարի 30-ականներն են՝ գրեթե չի վերանորոգված: Երկար տարիներ նախարար աշխատող Արմեն Մովսիսյանին էլ կարող էիր աշխատասենյակում հողաթափերով տեսնել»:

«Առավոտը» գրում է.

«40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ «Սալյուտ» ծխախոտը՝ 30 կոպեկ, «տակից»՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, և ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: «Սովետի» ժամանակ թե՜ գները և թե՜ աշխատավարձերը պայմանական-կամայական էին:

Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը։

 Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են»:

«ՀԺ»-ն գրում է.

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը (Հանրային կապերը կարգավորող հանձնաժողով) կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին: Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից, հավանաբար՝ հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով: Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1․5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման:

Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք են ձեռք բերում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները:

Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է:

Պարզվում է, որ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է: Նա և նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք: Բարձրաստիճան            պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ»։

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանից հոսանքի ներկրումը նույնն է, թե վրացիները գան՝ Ապարանից մանդարին տանեն. «ՉԻ»’