‘Մամուլը՝ համաներման մասին. Ազատ արձակվածները և համաներման հետևանքները’

1304

Այսօր լույս տեսած թերթերը լայնորեն անդրադարձ են կատարել Համաներում կատարելու մասին ԱԺ որոշմանը, որով արդեն բազմաթիվ դատապարտյալներ ազատ են արձակվել:

«ՀԺ»-ն գրում է, որ երեկ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից, ԱԺ-ի ընդունած համաներման որոշմամբ, աոաջիններից մեկն ազատ է արձակվել ՀՀ ճա­նապարհային ոստիկանու­թյան նախկին պետ Մարգար Օհանյանը, որը դա­տապարտվել էր բենզին յուրացնելու մեղադրանքով:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել Է, որ երեկ, ժամը 20:00-ի դրու­թյամբ, ազատ Է արձակվել 278 դատապարտյալ:

Ազատ է արձակվել նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Թերթը նաև տեղեկացնում է, որ համաներումը կտարածվի նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մանկության ընկեր՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի վրա, որը նախնական կալանքի տակ է գտնվում։

Հիշեցնենք, որ Գրքիկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով (յուրացնելը կամ վատնելը ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով) հարուցված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը Գյումրիի քաղաքապետարանի բյուջեից 80 միլիոն դրամ փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրելու ու ոչինչ չանելու գործի մասին է։

Թերթը գրում է, որ համաներումը կտարածվի նաև Գրքիկյանի վրա։ Նա, սակայն, պետք է վերականգնի պետությանը հասցված վնասը:

«ՉԻ»-ն անդրադարձ է կատարել մեկ այլ աղմկահարույց գործի: Թերթը գրում է, որ «Անցած տարվա ամռանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մահացած Վահե Ավետյանի վերաբերյալ գործով դատավարության ընթացքում երեկ մեղադրական կողմը հնարք օգտագործեց, որի արդյունքում չի բացառվում, որ համաներում կիրառվի, և ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին հասցրել հարվածը, որի հետևանքով նա մահացել է։

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ եթե ամբաստանյալները չընդունեին իրենց մեղքը, նրանց նկատմամբ համաներումը չէր տարածվի, քանի որ համաներումը չի տարածվում հանցագործության համակցության դեպքում, իսկ ահա հանցակցության դեպքում մեկ հանցագործության համար առանձին-առանձին դատապարտված անձանց վրա համաներումը տարածվում է ։

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտն» ամենայն հավանականությամբ կվաճառվի ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը կփոփոխվի. Ու՞մ համար. Մամուլ’