‘Արամ Մանուկյանը՝ կառավարությանը. Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ. Տեսանյութ’

2124

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթը սկսել է Հովհաննես Թումանյանի՝ 1923-ին Ավետիք Իսահակյանին ուղղված նամակից մեջբերումով. «Խաչագող սրիկաներ, ոչ մեկը պատասխան չտվեց, ոչ մեկն անգամ անձնասպան չեղավ…»:

Այդ համատեքստում խոսելով վստահության մասին՝ Մանուկյանը նշեց, որ վստահությունը վաստակում են խոստումները կատարելով, իսկ ներկա կառավարությունն իր խոստումները չի կատարել:

«Խոստացել եք մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ ոչինչ չեք արել. օլիգարխները հարկային դաշտում չեն, փոքր եւ միջին բիզնեսը պարզապես խեղճացված վիճակում է: Կոռուպցիայի դեմ պայքարը ձեր հիմնական մարտահրավերն եք հայտարարել. ձեր կառավարությունը ոչինչ չի արել հիմնական մարտահրավերին դիմակայելու ուղղությամբ», — նշեց պարոն Մանուկյանը:

Անդրադառնակով արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ձախողումներին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանային լիակատար մեկուսացման մեջ է հայտնվել: «Նայեք գազատարերի քարտեզը՝ Հայաստանն այստեղ ուղղակի անկլավ է՝ դատարկ, ոչ մի ռեգիոնալ ծրագիր Հայաստանով չի անցել», — նշեց պատգամավորը: Սոցիալական ոլորտում նա առանձնացրեց գրավաճառների, տաքսիստների, օդաչուների, կրպակատերերի խնդիրները: «Մարդկանց հացն ապահովելու փոխարեն՝ մարդկանց հացը խլել եք, — նկատեց նա: — Գնացեք գյուղացիների հետ զրուցեք, տեսեք՝ ձեր մասին ինչ են ասում: Ո՞րն ասեմ. հրապարակի շենքերի վաճառքը, Կենտրոնական բանկի ոսկու վաճառքը, որն ուզեք, թե չուզեք՝ ձեր անվան հետ է կապված: Ասում եք՝ ժողովուրդը ձեզ ձայն է տվել: Այդ ինչպե՞ս է լինում, որ ժողովուրդը ձայն է տալիս գործող իշխանությանն ու աճապարում է արտասահման»:

Արամ Մանուկյանը եւս մեկ մտահոգիչ փաստի մասին խոսեց. նրա խոսքով՝ մարզերի շատ բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիներ են դառնում՝ ապրելով Հայաստանում: Իսկ Ռուսաստանի «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում կասեցվել է, որովհետեւ մի քանի տարվ ահերթ է գոյացել: Կոնգրեսի խմբակցության քարտուղարը խոսեց նաեւ իշխանության հովանավորությունը վայելող եւ իշխանության հենարանը հանդիսացող կրիմինալի մասին՝ կին ծեծող մարզպետներ, Վարդանիկ, փող բաժանող, մարդկանց ահաբեկող ՀՀԿ վստահված անձինք:

 «Սա դուք եք թույլ տվել ու ասում եք՝ ժողովուրդն ընտրե՞լ է: Գազի գինը քաղաքական խնդիր է, որքան էլ ասեք, որ սա տնտեսական հարց է», — նշեց Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի լավագույն գործիքը, Եվրոպայի հետ զրուցելիս, գազն է: Եվ այս թանկացումը նախագահական ընտրությունների արդյունքն է:

Նրա խոսքով, գազի սակագնի բարձրացումը հետեւանք է կեղծված ընտրությունների: Ըստ Արամ Մանուկյանի՝ այդ խողովակներով իրականում ոչ թե գազ կամ նավթ է հոսում, այլ՝ քաղաքականություն: «Հայաստանի գազատարերի, ճանապարհաշինարարության և միջազգային ծրագրերի քարտեզը նայեք, շատ լավ գիտեք, թե Ադրբեջանն ինչ ռազմավարական ծրագրեր է իրականացնում, որևէ միջազգային ծրագրով Հայաստանը մասնակցո՞ւմ է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ ոչ , դրանք բոլորն էլ շրջանցում են Հայաստանը։ 

Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ կառավարության այս ծրագիրը տանում է կամ ըմբոստացման, կամ արտագաղթի: «Երկու ելքն էլ ելք չէ»,- ասաց նա: «Մենք կզելու ենք, որովհետեւ ունենք թույլ, ոչ լեգիտիմ իշխանություն: Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ», — ամփոփեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մայրուղի հանված իշխանությունը ‘