‘Մայր Աթոռը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը’

1182

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը հայտարարություն է տարածել հետընտրական զարգացումների առնչությամբ.

«Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին`հարկ ենք համարում նշել հետևյալը:

Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման:

Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:

Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրասիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:

Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է», — ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Լրանում է Կոնգրեսի երիտասարդների գործով Վճռաբեկ բողոքի ընդունման վերջնաժամկետը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու ցավալի ճշմարտությունը’