‘Մանուկյան. Ի՞նչ փոխվեց, որ հիմա էկոնոմիկայի նախարարությունն է փոխում նախագիծը’

1290

ԱԺ-ում քննարկման են դրվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված նախագիծը և հարակից մի շարք օրենքի նախագծերի փաթեթ: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին մի քանի հարց ուղղեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նախ, նա նկատեց, որ օրենքի նախագծի նախկին տարբերակը ֆինանսների նախարարությունն էր ներկայացրել երկու անգամ: «Ի՞նչ փոխվեց, որ հիմա էկոնոմիկայի նախարարությունն է փոխում նախագիծը»,- հետաքրքվեց պատգամավորը: Ճշմարիտյանը պատասխանեց, թե դա զուտ ֆորմալ առումով է, կառավարությունը ում նշանակում է, նա էլ բերում-ներկայացնում է: «Այսինքն, կառավարության քաղաքականության փոփոխություն, ըստ էության, չի կարող լինել»,- նշեց Ճշմարիտյանը:

Արամ Մանուկյանի երկրորդ դիտարկումը վերաբերում էր օրենքի նախագծի կոնցեպցիային: «Առաջին տարբերակից կոնցեպցիա է փոխվել, այստեղ այլընտրանք է մտել»,- հարցրեց նա:
«Կոնցեպցիա փոխվե՞լ է, թե՞՝ ոչ: Ոչ, որովհետեւ մեր նպատակը, այնուամենայիվ մնում է փաստաթղթաշրջանառության ապահովումը: Պարզապես, միջոցների եւ մեթոդների ընտրությունը կածխված է տվյալ ժամանակահատվածում, այս առումով, տնտեսական նպատակահարմարությունից եւ արդյունավետության աստիճանը գնահատելուց:
Այո, այլընտրանք կա եւ այլընտրանքը ավելի շատ տնտեսական է եւ տնտեսական շարժառիթը, մեր կարծիքով, շատ ավելի գործուն է, քան ադմինիստրատիվը»,- ասաց Ճշմարիտյանը:
Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ, եթե նա ընտրեր՝ օրենքի նախագծի նախկի՞ն տարբերակը կընտրեր, որովհետեւ այն ժամանակ լավ հիմնավորում էին, որ դա պայքար է ստվերի դեմ, թե՞ նորը:
«Ես, այնուամենայնիվ, տվյալ պայմաններում, կընտրեի այն, ինչը որ ներկայացրել ենք: Այսինքն, այս տարբերակը, որը ըստ էության, փաստաթղթաշրջանառության պահանջից ետ քայլ չի»,- պատասխանեց Ճշմարիտյանը՝ շարունակելով, որ եթե արտաքին այս ազդեցությունները չլինեին, հնարավոր ազդեցությունները մեղմելու խնդիրը չլիներ, տվյալ իրավիճակում, միգուցե այս հարցում շտապողական չլինեին:
Արձագանքի ժամանակ, Արամ Մանուկյանը հարցրեց. «Ցույցերը ՓՄՁ-երի համարո՞ւմ եք արտաքին ճնշում»: «Ոչ»,- ասաց Ճշմարիտյանը:
Արամ Մանուկյանի վերջին հարցը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին:
«Այն ժամանակ շատ լուրջ ներկայացվում էր, որ դա՝ ստվերը հարկային դաշտ բերելու  լավագույն գործիք է: Հիմա օրենքի այս տարբերակը ընդունելով՝ մենք այդ գործիքից զրկվեցի՞նք»,- հարցրեց Մանուկյանը:
«Տվյալ պայմաններում, կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի էֆֆեկտիվ կարող է լինել: Եթե տվյալ սուբյեկտը, այլեւս կաշկանդված չէ իր շրջանառությունը ցույց տալու, որովհետեւ ինքը շեմը չի անցնում, այլեւս թաքցնելու շարժառիթ չունի: Այդտեղ է, որ կերեւա այդ շրջանառությունը: Մենք նաեւ նշել ենք, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր պետք է լինի եւ այն նորմերը, որ կիրառվում են դրա նկատմամբ, իրոք, մահակի գործոն ունեն: Դուք պատկերացրեք, ամիսը 300-400 հազար դրամ եկամուտ ունեցող մարդու համար, ինչ է նշանակում մեկ ՀԴՄ կտրոնի տուգանքը, դա միանգամից իր զուտ շահույթի կեսը տանում է»,- ասաց Ճշմարիտյանը:

Նախորդ հոդվածը‘Սերգո Կարապետյանը ներողություն է խնդրել ‘
Հաջորդ հոդվածը‘Ավստրիա. Նախկին դեսպան Ալիևի մահը ինքնասպանություն է ճանաչվել’