‘«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատերերը կգնեն Պրիմերայում հանդես եկող կատալոնական ակումբը’

1800

«City Football Group» ընկերությունը, որը պատկանում է «Մանչեսթեր Սիթի»-ին, մոտակա օրերին կավարտի կատալոնական Ժիրոնա քաղաքի համանուն ակումբի գնման գործընթացը: Այս մասին հաղորդում է City Watch-ը:

«Ժիրոնա» ակումբի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի եղբորը՝ Պերե Գվարդիոլային, որը բաժնետոմսեր էր ստացել՝ վճարելով ակումբի պարտքերը, որոնք կազմում էին մոտավորապես 3 միլիոն եվրո: Սակայն կար մեկ պայման. եթե ակումբը Պրիմերայի ուղագեիր նվաճեր, ապա այն պետք է վաճառվեր «City Football Group»-ին:

«Մանչեսթեր Սիթի»-ի և «Ժիրոնա»-ի միջև վաղուց լավ հարաբերություններ էին հաստատվել: Անգլիական ակումբը իր խաղացողներին վարձակալական հիմունքներով տրամադրում է «Ժիրոնա»-ին:

Նշվում է, որ ակումբի սեփականատերերի փոխվելու հետ միասին նրա բյուջեն կհնգապատկվի՝ կազմելով տարեկան 50 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն նախկինի նման վարձավճարով ֆուտբոլիստներ կտրամադրի: Անգլիական ակումբի սեփականատերը արաբ միլիարդատեր Շեյխ Մանսուր իբն Զաեդ ալ-Նահայան է:

Հավելենք, որ «Ժիրոնա»-ն 2017/18 մրցաշրջանը կմեկնարկի Իսպանիայի առաջնության բարձրագույն խմբում՝ Պրիմերայում:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ակինֆեև. Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը (տեսանյութ)’