‘Մանր եւ միջին ձեռներեցները պատրաստվում են գործադուլի’

1500

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներին կրկին ստիպել է դուրս գալ փողոց: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են հարյուրավոր ձեռներեցներ, ովքեր պահանջում են կասեցնել օրենքը:  Նրանք հայտարարում են, որ փոփոխություն չլինելու դեպքում փետրվարի 1-ից գործադուլ կսկսեն:

«Մեզ ժամանակ պետք չէ, որպեսզի հասցնենք մեր ապրանքը գույքագրել. մենք, միեւնույն է, դա չենք պատրաստվում անել: Դանակը արդեն մեր ոսկորներին է հասել: Եթե այս իշխանությունները չեն կարողանում պահել երկիրը, ապա պետք է հրաժարական տան: Այս երկրին պետք չէ միջին խավ. կա՛մ պետք է օլիգարխ լինես, կա՛մ էլ աղքատ, իսկ մենք չենք պատրաստվում աղքատ ապրել»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը՝ հավելելով, որ կառավարությունը շատ լավ ճանաչում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են հարկային դաշտից դուրս:  «Մեր պահանջը այն է, որ մեզ թողնեն հանգիստ ապրել: Ի՞նչ է, վերջնականապես ուզում են ժողովրդին իրենց դեմ հանե՞լ»,- բարձրաձայնեց նա:

Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնելով: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար:

Նախորդ հոդվածը‘Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր. Հիդրոմետծառայություն’
Հաջորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցները պաշտոնեական կեղծիք են կատարել’